Airbus А320-ի 2-րդ «սև արկղի» ձայնագրությունը հաստատում է, որ օդաչուն միտումնավոր է գործել

16:39 • 03.04.15

Ֆրանսիական Ալպերում մարտի 24-ին կործանված Airbus А320 ինքնաթիռի 2-րդ «սև արկղի» վերծանումը հաստատում է երկրորդ օդաչուի մեղավորությունը, այս մասին ասվում է Տրանսպորտային պատահարների հետաքննությունների և վերլուծության ֆրանսիական բյուրոյի տարածած հաղորդագրությունում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ստացված առաջին տեղեկությունները վկայում են այն մասին, որ օդաչուի խցիկում գտնվողը հատուկ իջեցրել է և փոխել կարգավորումները, որպեսզի մեծացնի արագությունն անկման ժամանակ»,- ասվում է փորձագետների հաշվետվությունում։

 

Ինքնաթիռի 2-րդ «սև ակղը» հայտնաբերվել է հինգշաբթի, որից հետո տարվել է Փարիզ՝ վերծանման համար։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։



Նախորդ շաբաթ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը «սև արկղից» ստացված տվյալների արդյունքներով հայտարարել էր, որ օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն:

 

Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: