150.000.000 դոլար. Chrysler-ը կփոխհատուցի զոհված տղայի ընտանիքին
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի դատարանը պարտավորեցրել է հանրահայտ Chrysler մեքենաշինական ընկերությանը 150 մլն դոլարի չափով գումար փոխհատուցել ավտովթարի հետևանքով այրված մեքենայում մահացած 4-ամյա տղայի ընտանիքին:
Ինչպես նշում է ria.ru-ն, դատարանն այն եզրակացության է եկել, որ փոքրիկի մահվան համար 99 տոկոսով մեղավոր է մեքենան արտադրողը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը, որի հետևանքով մահացել է 4-ամա Ռեմինգթոն Ուոլդենը, տեղի է ունեցել 2012թ.: Հազար ինը հարյուր իննսունինը թվականի արտադրության Jeep Grand Cherokee մեքենային հետևից հարվածել է մեկ այլ մեքենա, ինչից հետո այն այրվել է:
Մասնագետները պարզել են, որ կրակի բռնկման պատճառը դարձել է Jeep Grand Cherokee-ի հետին մասում տեղադրված վառելիքի բաքից արտահոսքը: Նրանց խոսքերով, եթե բաքն ավելի ապահով վայրում տեղադրված լիներ, մեքենան չէր բռնկվի:
Chrysler-ի ներկայացուցիչն ասել է, որ դատարանի վճիռը բողոքարկվելու է:










