Մեծ ոգևորություն ապրեցի ՀՀ ՊՆ համակարգում աշխատող կանանց հետ հանդիպումից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը

17:45 • 03.04.15

Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան, կանանց, խաղաղության  անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանը  մեծ ոգևորություն է ապրել ՀՀ ՊՆ համակարգում աշխատող կանանց հետ հանդիպումներից:


Նշենք, որ նա Կանանց, խաղաղության  անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2014 թվականի հոկտեմբերին և նրա հիմնական գործառույթները վերաբերում են ՄԱԿ անվտանգության խորհրդի՝ կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ բանաձևի իրագործմանը:


Մարիեթ Շուրմանը  մամուլի ասուլիսին հայտնեց, որ բանաձևը վերահաստատում է կանանց կարևոր դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության կառուցման և պահպանման, մարդասիրական արձագանքի և հետ-կոնֆլիկտային վերականգնման տեսանկյունից, ընդգծում է կանանց հավասար մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղության և անվտանգության առաջընթացի ապահովման համար:


Բանաձևը կոչ է անում բոլոր երկրներին հակամարտության պարագայում ձեռնարկել հատուկ միջոցառումներ պաշտպանելու կանանց և աղջիկների սեռով պայմանավորված բռնությունից, մասնավորապես բռնաբարությունից և սեռական այլ ոտնձգություններից:


Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ կին դիպուկահարներին, և ասաց, որ նրանց հանդուրժողաբար է մոտենում: «Մեր նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար, որոնք թույլ կտան նրանց իրենց գիտելիքներն ու տաղանդները լիովին իրագործել: Դիպուկահարն այն ոլորտն է, որտեղ կանայք ավելի լավ պատրաստված են այդ աշխատանքը կատարելու համար, քան տղամարդիկ»,- ասաց նա:


«Դիպուկահարների միջազգային ձևաչափը վերաբերում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից իրենց տաղանդների իրագործմանը»,- ասաց նա: