Անբարեխիղճ գովազդի համար «Օրանժ Արմենիա»-ի հանդեպ վարչական վարույթ է հարուցվել

15:30 • 03.04.15

Այսօր տեղի ունեցած ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվել են անբարեխիղճ մրցակցության դրսևորմանն առնչվող մի շարք հարցեր։


Այս մասին տեղեկացնում է competition.am կայքը։
 

Հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության, մասնավորապես անբարեխիղճ գովազդային քաղաքականության վերաբերյալ:
 

Ընկերությունը գովազդում է, որ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում
մի շարք մոդելների բջջային հեռախոսներ հնարավոր է ձեռք բերել ընդամենը 1 դրամով: Առաջարկի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն սպառողին չի տրամադրվում:


ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ  առաջարկվող փաթեթն իր մեջ ներառում է երեք սակագնային պլան` 4 000, 6 000 և 10 000 դրամ արժողությամբ: Գովազդում առկա չէ որևէ տեղեկատվություն այն մասին, թե հեռախոսը 1 դրամով ձեռք բերելու դեպքում սպառողը փաթեթի որ սակագնային պլանին պետք է միանա, մինչդեռ այս առաջարկի շրջանակներում հեռախոսները հնարավոր է ձեռք բերել հիմնականում 10 000, իսկ որոշ դեպքերում  6 000 դրամանոց սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում:


Բացի այդ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ընկերության առաջարկը գործում է միայն առաջին անգամ բաժանորդագրվելու դեպքում, ինչի մասին ևս գովազդում չի նշվում:
 

«Օրանժ Արմենիա» ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ Հանձնաժողովի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ: