Աղջիկների ներկայությունը ռազմական հաստատությունում լավ է ազդում ԶՈՒ ընդհանուր կատարողականի վրա. ՆԱՏՕ-ի անդամ

18:50 • 03.04.15

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան, Կանանց, խաղաղության  անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանն այսօր մամուլի ասուլիսին խոսեց զինվորական ծառայությունում կանանց ներգրավվածության մասին: Նա ներկայացրեց նախնական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են վերջին 15 տարիներին և  ցույց են տալիս, որ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կանանց մասնակցության մակարդակը բավական ցածր է և արագ աճի միտում չի նկատվում:


«Եթե միջինացված ներգրավվածության թիվը 2000 թվականին` 28 երկրների համար եղել է 7,4%, ապա այժմ այն կազմում է 10,6%: Երբ խոսում ենք այն կանանց մասին, ովքեր մասնակցում են ՆԱՏՕ-ի կողմից խաղաղապահ գործողություններին, ապա դա 5,7%  է  կազմում: Աճի միտումը շատ դանդաղ է»,- ասաց նա և նշեց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է և կան երկրներ, որոնք մեծ հաջողությունների են հասել և ավելացրել են կանանց մասնակցությունը հատկապես՝ որոշում կայացնող պաշտոններում:  Նա նշեց, որ հետազոտությունում լինելու են նաև առաջարկներ, թե ինչպես այդ երկրների լավ փորձը կիրառելի դարձնել նաև այլ երկրների համար:


Մարիեթ Շուրմանը նկատեց, որ որոշ երկրներում զինվորական ծառայությունը պարտադիր է, որոշներում` կամավոր, և կան երկրներ, որտեղ կան ստորաբաժանումներ, որտեղ արգելված է կանաց մուտքը:


«Կանանց մասնակցությունը խաղաղապահ գործողություններում և առհասարակ Զինված ուժերում  մեծ օրակարգի հիմնական թիրախներից է, որովհետև սա իսկապես այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք հետ ենք ընկնում մեր խոստացածից»,- ասաց նա:


ՆԱՏՕ-ի դեսպանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներորմ կան վեց կին պաշտպանության նախարար և 2  արտաքին գործերի նախարար:


«Օրինակներ ունենք, երբ  պաշտպանության նախարարները տղամարդիկ են, սակայն շատ ջանասիրաբար աջակցում են կանանց ավելի մեծ ներգրավվածությանը: Հաշվի առնելով, որ կանայք այս պահին  փոքրամասնություն են , մենք երևի տղամարդկանց աջակցության կարիք ունենք, որ այդ հարցը լուծենք»,- ասաց նա:
 

«Ես  շատ ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում կան շատ մարդիկ ովքեր պաշտպանում են տղամարդկանց և կանանց հավասարության սկզբունքը»,-ասաց նա և նկատեց, որ երկրորդ տարին է ինչ կանայք Հայաստանում հնարավորություն  են ունեցել ընդունվել զինվորական բարձրագույն հաստատություն և որքանով տեղյակ է այս պահին տասնչորս աղջիկ է սովորում:


Նա նաև գիտի, որ որոշ կանայք, ովքեր քաղաքացիական ծառայության են եղել,  անցել են պաշտպանության ոլորտ, զինվորական հրամանատարության հաստիքներ են ձեռք բերել: «Կանայք պաշտպանության ոլորտում նախկինում էլ են եղել, բայց մինչև վերջերս  հստակ քաղաքականություն չի եղել,որ կխրախուսեր կանանց մուտքը Զինված ուժեր: Շատ ոգևորիչ է, որ այդ թեմայի հանդեպ հիմա ուշադրություն կա»,- ասաց նա:


Մարիեթ Շուրմանը  հայտնեց, որ գլոբալ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կանանց և տղամարդկանց առկայության  դեպքում և կարգապահությունն է լավ մակարդակի վրա լինում և արդյունքներն ավելի լավ են լինում: «Աղջիկների ներկայությունը զինվորական, ռազմական հաստատությունում, հրամանատար կանաց առկայությունը ցույց է տալիս, որ դա  ընդհանուր առմամբ շատ լավ է ազդում ընդհանուր  զինված ուժերի կատարողականի վրա»,- ասաց նա:


Նա գտնում է, որ շատ կարևոր է սկսել թիրախային քաղաքականություն, որպեսզի զինված ուժերում կանաց թիվը շատ լավ լինի:


Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցային մակարդակում կանանց ներգրավվածությունը ինչպես է նպաստում բանակցությունների վրա, նա ասաց, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները, որոնք զբաղվում են  որոշակի բանակցություններով, ունեն որոշակի  տեղեկություն ըստ որի` այն դեպքերում, երբ կանայք ներգրաված են եղել բանակցություններում` համաձայնագրին հասնելու հավանականությունն ավելի մեծ է եղել, թեև այդքան էլ մեծ չէ կանանց ներգրավվածությունը և դժվար է որևէ կին միջնորդի օրինակ բերել: