17.800.000 դոլար. բժիշկների սխալի պատճառով հաշմանդամ դարձած ամերիկացի երեխան փոխհատուցում կստանա

11:58 • 04.04.15

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի դատարանի կայացրած վճռի համաձայն՝ բժիշկների սխալի պատճառով հաշմանդամ դարձած աղջկա ծնողներին պետք է 17.8 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարվի:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, Նաոմի Պրեսին ծնվել է 2008թ.` սրտի արատով: Լույս աշխարհ գալուց 4 օր անց նրան տեղափոխել են Դենվերի մանկական հիվանդանոց` վիրահատության համար: Սակայն բժիշկները փոքրիկին պրոստագլանդին դեղամիջոցի սխալ չափաբաժին են տվել, ինչը հանգեցրել է նրա սրտի աշխատանքի կանգին:

 

Բժիշկները 33 րոպե շարունակ չեն կարողացել վերակենդանացնել երեխային, ինչի հետևանքով խանգարվել է նրա գլխուղեղի աշխատանքը: Բացի այդ, Նաոմին ստացել է որոշ անբուժելի հիվանդություններ: Այժմ նա 7 տարեկան է ու մշտական խնամքի կարիք ունի:

 

Դատարանը վճռել է, որ տեղի ունեցածի մեղավորությունը բժիշկներինն է: Հիվանդանոցի տնօրինությունը պատրաստվում է բողոքարկել վճիռը: