ԱՄՆ-ում բանտից ազատ արձակված տղամարդը 30 տարի մահապատժի է սպասել՝ չկատարած հանցագործության համար

16:42 • 04.04.15

ԱՄՆ Ալաբամա նահանգում երեկ բանտից ազատ է արձակվել 58-ամյա Էնթոնի Հինթոնը, որը սխալ դատավճռի արդյունքում կյանքի գրեթե կեսն անցկացրել է բանտում՝ սպասելով մահապատժի, տեղեկացնում է ТАСС-ը։

 

1986 թվականին նա մահապատժի է դատապարտվել՝ արագ սննդի կետի երկու մենեջերների սպանության համար։ Քննիչները պնդել են, թե սպանությունն իրականացվել է Հինթոնի տանը հայտնաբերված զենքից, սակայն տղամարդը կտրականապես հերքել է իր մեղքը։

 

Միայն վերջերս է նրա փաստաբաններին հաջողվել ապացուցել, որ դատական գործընթացը լուրջ խախտումներով է իրականացվել։ Մասնավորապես, մեղադրյալը գումար չի ունեցել, և նրա պաշտպանությամբ զբաղվողները չեն կարողացել որակյալ դատական փորձաքննություն անցկացնել։
Բացի այդ՝ պարզվել է, որ Հինթոնն ալիբի է ունեցել. սպանության պահին նա գտնվել է քաղաքի մեկ այլ շրջանում։

 

Նոր փորձաքննությունը ցույց է տվել, որ փամփուշտն այդ ատրճանակից չի արձակվել։

 

Ամերիկացին բանտից դուրս է եկել ու ողջագուրվել հարազատների հետ։ Նա խոստովանել է, որ ափսոսանք է զգում։ «Ես չպետք է 30 տարի անցկացնեի բանտում՝ մահապատժի սպասելով։ Քննությունը պետք է միայն ստուգեր ատրճանակը։ Ինձ ցանկանում էին մահապատժի ենթարկել մի բանի համար, որը ես չեմ արել»,- հայտարարել է նա։