ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ՀՀ–ի համար «և, և» -ի քաղաքականությունը պահելու շանս է.քաղաքագետ

13:17 • 05.04.15

ԱՄՆ-ի` դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը,  որ  եթե հայկական ու ամերիկյան բիզնեսները միմյանց մասին իմանան ավելին, հնարավոր կլինի խորացնել երկկողմ կապերն ու տնտեսական հնարավորությունները, Հայաստանի համար շանս է պահելու «և, և»-ի քաղաքականությունը, որ չափազանց անհրաժեշտ է այս վատթարացած անվտանգության միջավայրում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: 

 

«Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Հայաստանի համար շանս է ԵՏՄ մտնելուց և այնտեղ «խորասուզվելուց» հետո կար ռիսկ, որ ՀՀ-ի նկատմամբ ուշադրության անկում կլինի և ուրախալի է, որ չնայած այդ զարգացումներին` Միացյալ Նահանգների դեսպանն իր երկրի անունից հայտարարում է, որ ինքը նույնպես իր հետաքրքրությունը չի կորցրել Հայաստանի նկատմամբ:  Հիշում եք` ԵՄ–ն նույնպես նման հայտարարություն արեց և սա ևս հնարավորություն է Հայաստանի համար պահելու «և,և»-ի քաղաքականությունը, որ չափազանց անհրաժեշտ է այս վատթարացած անվտանգության միջավայրում, որովհետև մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքական միջավայրը վատացել է և դրան էապես նպաստել է «Եվրասիական նախագիծ» կոչվածը»,- ասաց քաղաքագետը:

 

Հիշեցնենք, որ Ռիչարդ Միլսը Հայաստանում գտնվելու առաջին իսկ օրերին սկսեց մեկնաբանել երկրում ընթացող ներքաղաքական գործընթացներ, և գտնվեցին քաղաքագետներ, որոնք նշեցին, որ ԱՄՆ-ը Հայաստանում, մասնավորապես, և տարածաշրջանում, ընդհանրապես, ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն է վարում: Քանի որ նույնկերպ էլ Բաքվում է սկսել ԱՄՆ նորանշանակ դեսպանը:

 

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ համամիտ է դրա հետ, թեև առաջարկում է խնդրին մի փոքր այլ կերպ նայել: «Ես ոչ թե կասեմ` ակտիվացում առավել մեր դերակատարման համար, այլ ուղղակի առնվազն պահել ՀՀ-ի հետ հարաբերություններ, որովհետև եթե ԱՄՆ-ը ու ԵՄ-ն չակտիվանան, ապա գնալով Կովկասի եվրասիականացումն ավելի խոր հետևանքներ է թողնելու: Հետևաբար, նրանք առնվազն պետք է պահեն դրանք, իսկ դա հետևողական, ակտիվ նախաձեռնողականություն է պահանջում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Ի պատասխան հարցի էլ, թե արդյո՞ք Հայաստանը հիմա այդքան ինքնուրույնություն ունի, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԵՏՄ մտնելու պարտադրանքն իրականում նպատակ է հետապնդել օդում կախ թողնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն:

 

«Բայց նաև ռուսական կողմը մեծագույն սխալ թույլ տվեց, թե ինքը Հայաստանի կարիքները՝ տնտեսական, ռազմական, չի լուծում, ինքը Հայաստանին պարտադրելու օրինական հիմք չունի: Իսկ, կներեք, եթե Ռուսաստանը գնալու է իր ռազմավարական դաշնակցին խորտակելու ճանապարհով, ապա, կներեք, դա արդեն ինքնախորտակում էլ է: Եվ այս պարագայում իրավունք չունի մեղադրելու Հայաստանին, թե ինչու է փորձում լուծել իր անվտանգության հարցերը »,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի առևտրային գործընկերների շարքում ԱՄՆ-ն 5-րդն է, ինչը  դեսպան Միլսը դրական էր գնահատել: «Մասնավորապես, առևտրային հնարավորությունների զարգացում եմ տեսնում որոշ ոլորտներում: Ես առիթ եմ ունեցել խոսել ԱՄՆ-ում գործարարների հետ, ինչպես նաև այստեղ հայաստանյան առևտրային գործընկերների հետ: Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում որոշ ոլորտներում համագործակցության, ոլորտներ որտեղ ԱՄՆ-ն ունի տեխնիկական փորձառություն և ուժեղ բրենդեր»,- ասել էր ԱՄՆ դեսպանը: