Թուրք լրագրողն ազատազրկվել է Facebook-ում Էրդողանին քննադատող մեկնաբանությունը հավանելու համար

18:32 • 05.04.15

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեպ շրջանից լրագրող Յաշար Էլման պայմանական 23 ամսվա ազատազրկման է դատապարտվել՝ Facebook-ում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություն պարունակող հրապարակմանը «լայք» սեղմելու համար, գրում է ria.ru-ն:


Թուրքիայի նախագահի հասցեին քննադատական մեկնաբանությունը Գազիանթեպի դատարանը «վիրավորանք» է համարել, իսկ լրագրողին դատապարտել է 28 ամսվա բանտարկության՝ այնուհետև ժամկետը նվազեցնելով մինչև 23 ամիս և այն պայմանական համարելու որոշում կայացնելով:


«Ես ուղղակի օգտագործել եմ Facebook-ում «like» կոճակը՝ կարդալով նախագահի մասին մեկնաբանությունը: Ես հեռացրել եմ իմ «like»-ը մոտ մեկ ժամ հետո, բայց իմ մոտ արդեն եկել էր ոստիկանությունը: Չգիտեի, որ դա հանցագործություն է»,- ասել է Էլման:


Նրա փաստաբան Դիլբեր Դեմիրելը հայտարարել է, որ կբողոքարկի դատական այդ որոշումը՝ ընդգծելով, որ դատարանը դատապարտել է վիրավորանքի համար՝ չկոնկրետացնելով այդ հասկացությունը:


«Մենք կարծում ենք, որ դատարանի որոշումը հակասում է օրենքին: Քաղաքական գործիչները պետք է հաշտվեն անգամ խիստ քննադատության հետ»,- ասել է նա:


Թուրքական օրենքների համաձայն վիրավորանքի համար դատարանը կարող է նշանակել մինչև 3 ամիս ազատազրկման ժամկետ, սակայն եթե հայցվորը պետական ծառայող է, ազատազրկման ժամկետը կարող է հասնել մինչև մեկ տարվա: Եթե վիրավորանքը հասցված է զանգվածային լրատվամիջոցներով, օրենքը նախատեսում է ազատազրկման հավելյալ ժամկետ: