«Հորեր էին փորում և այրում ողջ-ողջ». Ցեղասպանությունը վերապրածների վկայությունները` Իսպանիայում նրանց սերունդների շուրթերով

23:30 • 21.04.15

Կոտորածներ, բռնագաղթ, փախուստի տեսարաններ… 1915-1923 թվականներին հայերը ենթարկվում էին թուրքերի մշտական հետապնդումներին. աքսոր, մահ և մոռացություն:  LA RAZÓN-ին հարցազրույց են տվել Իսպանիայում հայ դատի հանձնախմբի 3 անդամ` պատմելով իրենց նախնիների սարսափելի հալածանքների և չարչարանքների մասին:


Գլենդա Աճեմյանց, 43 տարեկան, վերապրածի ծոռնուհի
«Թվում էր`  Աստված մոռացել է մեզ»


Սարսափելի իրադարձություններից  50 տարի անց` արդեն Իրանում, Շուշանիկ Մարտիկյանը հիշում էր մանկությունը. «Բարեպաշտությունը վերացել էր մարդկանց սրտերից, վերածվել էին կենդանիների, բոլորն իրենց մասին էին մտածում»: Գլենդա Աճեմյանցն, ով ծնվել է Արգենտինայում և 13 տարեկանից բնակվում է Իսպանիայում, պահպանել է իր նախատատի`  Շուշանիկի վկայությունները: 


«Ինչպես կարելի էր լքել հայրական տները, որտեղ ապրում էին դարեր շարունակ` ջնջելով դրանք հուշերից և չիմանալով, թե աշխարհի որ անկյունում կավարտվի իրենց գոյությունը», - գրել է Շուշանիկը: Գլենդայի նախատատը 9 տարեկան էր, երբ նրա ընտանիքը փորձում էր փախչել թուրքական հետապնդումից: Շուշանիկին հաջողվեց փրկվել, նրան տեղափոխեցին Իրան, այնտեղից` Արգենտինա:


 

Էզեկիել Վարդյան, 38 տարեկան, վերապրածի թոռը
«Եկավ մի պահ, որ ոչնչից չէինք վախենում»


Էզեկիելն, ով ծնվել է Արգենտինայում և մեծացել Իսպանիայում, վերջերս առաջին անգամ այցելել է Հայաստան: Էզեկիելի պապը` Գրիգոր Վարդյանը, նույնպես ենթարկվել է 1915-ի Ցեղասպանության տառապանքներին: Հաճընում բնակվող ընտանիքը ենթարկվեց բռնագաղթի: «Մայրս որոշեց մեզ չտանել», - պատմել է Գրիգորը, -«Սակայն օրեր անց իմացանք, որ բոլոր երեխաները պետք է արտաքսվեն անապատ, որտեղ հորեր էին փորում, նավթ լցնում ու ողջ-ողջ այրում»: Գրիգորին հաջողվել է փախչել և հասնել Հալեպ: «Եկել էր մի պահ, երբ չէինք վախենում ոչնչից, թե ինչ կարող էր պատահել ապագայում, քանի որ ապրելն արդեն դժբախտություն էր», - պատմել է Գրիգորը:

 

Լուսիկ Ռումյան, 50 տարեկան, վերապրածի թոռնուհին
«Գիշերն անցկացնում էին գերեզմանոցում թաքնվելով»


«Պապիկս երբեք  չէր պատմում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել. շատ խոցված էր և միշտ մղձավանջներ էր տեսնում: Այն ամենն, ինչ գիտենք, մի ընկերոջ շնորհիվ է, որ նրա հետ է փախել», -  հայտնում է Լուսիկ Ռումյանը: Նրա պապը` Խաչատուրը, ծնվել է Փոքր Հայքի Մաժաք նահանգում, որը հայտնի է Կայսերի կամ Կեսարիա անունով: Նա 15 տարեկան էր, երբ թուրքերը սպանեցին ողջ բնակչությանը: «Չգիտենք` որքան է տևել նրանց տառապանքը, բայց գիտենք, որ սիտպված են եղել թաքնվել գերեզմանոցում, շիրիմների տակ, որպեսզի գիշերն անցկացնեն»: Լուսիկի հայրն ամուսնացել է աստուրիացի աղջկա հետ` հաստատվելով Իսպանիայում: