Ցեղասպանության հարցում Թուրքիայում տաբուն կոտրված է. Չենգիզ Աքթար

17:33 • 22.04.15

Այսօր Թուրքիան միասնական չէ, թուրքիաներ կան, թուրքական հասարակությունում կան մարդիկ, ովքեր այլ կերպ են մտածում: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում ասաց պրոֆեսոր Չենգիզ Աքթարը, ով ծնվել է Ստամբուլում:


Նա նշեց, որ արդեն առնվազն 15 տարի է, որ թուրքական հասարակության որոշ հատվածներ այլևս չեն հավատում Ցեղասպանության վերաբերյալ ներկայացրած պաշտոնական կարծիքին: Նա  խոսեց  հրատարակչական, գիտական գործունեության առաջընթացի մասին և հայտնեց, որ երիտասարդ հետազոտողների թիվը գնալով աճում է, ովքեր մեծ ցանկություն ունեն այս հարցն ուսումնասիրել:
 

Անդրադառնալով մշակութային և կրոնական հիշողությանը՝ նա խոսեց Սուրբ Կիրակոս եկեղեցու ռեստավրացիայի մասին, որի ծախսերն իրենց վրա էին վերցրել քաղաքացիական հասարակությունն ու քրդերը: «Եկեղեցին կենդանի էր, ապրում էր, որտեղ հայերից բացի կային քրդեր, ուրիշներ, ովքեր ուրախությամբ այցելում էին և պատրաստվում Զատիկի տոնին»,- ասաց նա և նշեց, որ քրդերը,  թուրքերը հաշտվում են  լավ հիշողությունների հետ  և մարդիկ սկսում են ճանաչել այն ժառանգությունները, որտեղ ապրել են  հայերը:


Նա նշեց, որ կան նաև փոքրիկ մատուռներ, սրբավայրեր, նաև տարբեր ցուցահանդեսներ են կազմակերպվում: «Վերակրոնափոխում է տեղի ունենում, որոշ հայերի թոռներ, ովքեր ժամանակին իսլամ են ընդունել, որպեսզի կենդանի մնան այսօր վերադառնում  են իրենց կրոնին»,- ասաց  նա:


Չենգիզ Աքթարը նկատեց, որ արմատների փնտրտուք է տեղի ունենում և գնալով ավելանում են նրանք, որոնք հպարտորեն են խոսում իրենց տատերի մասին:


Նա ասաց, որ ուրբաթ օրը Ցեղասպանության հիշատակի միջոցառումներ կլինեն Թուրքիայի 28 քաղաքներում:

 

« Վանի նման քաղաքում հրապարակային, հանրային ժողովներ են տեղի ունենում, որոնցում բացեիբաց խոսում են Ցեղասպանության մասին »,- ասաց նա և նշեց, որ նախկինում աներևակայելի էին նման խոսակցությունները: Նա նկատեց, որ թեև «ց»-ով բառի օգտագործումը Թուրքիայի քրեական օրենսգրքի 305 րդ հոդվածով պատժելի է, սակայն այն Թուրքիայում բոլորի բերանից հնչում է: Նա նկատեց, որ եթե նախկինում ասում էին՝«այսպես կոչված», ապա հիմա դա էլ է բառապաշարից դուրս եկել: 


Չենգիզ Աքթարն ընդգծեց, որ չպետք է այնքան միամիտ լինել և կարծել, թե 180 աստիճանով փոփոխություն է տեղի է  ունեցել Թուրքիայում, սակայն վստահեցրեց, որ տաբուն կոտրված է: «Ջիները հաստատ դուրս են եկել շշերից և նրանց հետ շշի մեջ մտցնել չի լինի»,- ասաց նա:


Նա ներկայացրեց վերջերս իրականացված հարցման արդյունքները, ըստ որի՝ Թուրքիայի հասարակության  9 տոկոսը կողմ է, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչի Ցեղասպանությունը: Նա նշեց, որ թեև 9 տոկոսը մեծ թիվ չի թվում, սակայն այն կազմում է 7 միլիոն մարդ:


Նա վերջում խոսեց Հրանտ Դինքի  մասին և ասաց, որ Հրանտը  երջանիկ կլիներ այստեղ գտնվել: «Նրա պայքարը ապարդյուն չէր  և շարունակվելու է»,- հավելեց նա: