Հայերի կորցրած տարածքների վերադարձը չպետք է դիտարկել որպես աբսուրդ ենթադրություն. Հենրի Թերիոն
2015 թվականը Ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացման տարի է: Այս մասին այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ժամանակ ասաց զեկուցող Հենրի Թերիոն և նշեց, որ ժխտողականության քաղաքականությունը աշխատում է դրա դեմ:
Ըստ նրա՝ արդար բանակցություններ կլինեն այն դեպքում, երբ արդարացի փոխհատուցում կտրվի: «Հողերը, գումարը, բանկային հաշիվները վերցվել են հայերից, զանգվածային բռնագրավումը հասել է նույնիսկ կենցաղային իրերի, կահույքի առգրավմանը»,- ասաց նա և նշեց, ըստ որոշ դիտարկումերի՝ հայկական գույքով է ստեղծվել թուրքական հանրապետության տնտեսությունը, այսինքն՝ թուրքական պետությունը ստեղծվել է հայկական ունեցվածքի հիման վրա, իսկ հազարավոր հայեր զրկվել են ամեն ինչից և մատնվել աղքատության:
«Ցեղասպանությունից թուրքերը օգուտ են ստացել, ինչը հնարավորություն է տվել իրենց բարգավաճել»,- ասաց և նշեց, որ տարբեր գնահատականներով, եթե Ցեղասպանություն չլիներ, հայերն այսօր քսանմիլիոնանոց բնակչություն կունենային: Նա նշեց, որ պետք է դիտարկել, որ հայերը ստիպված են ապրել բռնի պայմաններում և մշտական վտանգի տակ:
«Առավել քան կարևոր է հասնել արդարացի հատուցմանը: 1915 թվականի Ցեղասպանությունը չպետք է շարունակվի 2015 թվականին, դեռ շուտ է փակել Ցեղասպանության էջը»,- ասաց նա։
Հենրի Թերիոն հայտնեց, որ փոխհատուցումը վերաբերում է հայությանը՝ որպես խմբի, ոչ թե առանձին վերցրած անձերի, թեև վերջիններս ևս կարող են իրենց պահանջները ներկայացնել:
«Պետք է շեշտը դնել հավաքական փոխհատուցման վրա: Տարածքային պահանջները, որպես կանոն, նուրբ խնդիր են: Լայն տարածքների վերադարձը չպետք է դիտարկել որպես աբսուրդ ենթադրություն»,- ասաց նա, ապա շարունակեց. «Այսօրվա Թուրքան պետք է վերականգնի այն վնասը, որը տվել 100 տարի առաջ հայերին: Հատուցումը անհնար չէ, Ցեղասպանությունն այսօրով դառնում է բեռ ոչ միայն հայերի, այլ Թուրքիայի համար, և նրանք բարոյական պատասխանատվություն են կրում։ Եվ եթե սա որոշակի զոհողություն է պահանջում Թուրքիայից, ապա դա արդարացի է»:










