Սա միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր. ԵԽ գլխավոր քարտուղար

11:21 • 22.04.15

Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այստեղ գտնվել: Այս մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար  Թորբյորն Յագլանդը:


«Նաև տխրում եմ, երբ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր կյանքը կորցրեցին այս ողբերգության ընթացքում»,- ասաց և նշեց, որ այդուհանդերձ հպարտ է նաև, որ այն կազմակերպության ներկայացուցիչն է, որն ընդունեց այն:


«Որովհետև մարդիկ հասկացան, որ աշխարհը պետք է հեռացնեն ազգայնականությունից, և մոտեցնեն դեպի միջազգայնականություն»,- ասաց նա և նշեց, որ այդ նպատակով հիմնվեց Եվրոպայի խորհուրդը, նոր դարաշրջան բացվեց, և բոլորն այդպես հեռացան պատերազմներից:  «Հատկապես հուզված եմ, որ Նանսենի երկրից եմ»,- ասաց նա և խոսեց նանսենյան անձնագրերի մասին, որը շրջանառության մեջ է դրել Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ 1922թ.-ին։ Այն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը տրվել է  փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց  Առաջին համաշխարհային պատերազմից հետո։


«Նանսենը դա ուներ, նա տեսնում էր տառապանքը, ողբերգությունը՝ անկախ քաղաքականությունից և փրկում էր հազարավոր մարդկանց։ Այսօր դա լավագույն պատգամն է, երբ տեսնում ենք մարդկանց տառապանքը պարզապես պետք է գործենք»,- ասաց նա:

Նա նշեց, ո հարյուրհազարավոր հայեր դաժանաբար սպանվեցին: «Սա միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր»,- ասաց նա։


«Միջազգային հանրությունը դեռևս շատ է հապաղում, քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին: Հիմա  2015 թվականն է, և բոլոր պետությունները պատասխանատվություն ունեն մարդկանց իրավունքների խախտումների դեմ պայքարում»,- ասաց նա և հղում կատարեց ՄԱԿ-ի հայեցակարգին, համաձայն որի՝ առաջին հերթին  կարևոր է, որ  պետությունները կանխեն մարդկության դեմ ողբերգությունները, իսկ միջազգային հանրությունը պետք է սատարի, ու եթե պետությունները չեն ցանկանում կամ չեն  կարողանում, ապա պետք է միջամտեն:


Նա նկատեց, որ  պաշտպանելու քաղաքականությունը տարբեր երկրներում տարբեր է եղել. լավ  կիրառվել է Քենիայում, անհաջող է կիրառվել Լիբիայում: Նա անդրադարձավ Սիրիայի դեպքերին և անհավատալի համարեց, որ այս ամենը կրկնվում է 21-րդ դարում:


«Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն:Հայաստանը մեզ օգնում է: ԵԽ-ն շատ է կարևորում ձեր դերը, հատկապես՝ ռասիզմի դեմ պայքարում: Հայ ժողովուրդն ուզում  է նույնը,  ինչ մնացած մարդիկ են ուզում»,- ասաց նա և նշեց, որ ԵԽ-ն պատրաստակամ է սատարելու երկխոսությունը:


«Հայաստանը հույս ներշնող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք  ուժի վերածել ինչն այս շաբաթ ամբողջ աշխարհը կարող է տեսնել»,- ասաց նա ու ելույթը եզրափակեց ասելով՝  «Պարոն Նախագահ Ձեզ հետ եմ»: