Դեռ շատ անելիք ունենք ու դժվար ճանապարհ. Կարեն Աղամյանը՝ Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացի մասին

23:02 • 22.04.15

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի համոզմամբ՝  Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ է առել, սակայն դա բավարար չէ վերջնական նպատակին հասելու համար։ «Դեռ շատ անելիք ունենք ու դժվար ճանապարհ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

«Ես չգիտեմ` էլ ինչ կարելի է անել, ընթացքը, կարծում եմ, շատ ճիշտ է։  Վատիկանում տեղի ունեցածը շատ անսպասելի էր, և ես նկատում եմ, որ դրանց մասին չենք գոռում, գոչում, թե մենք այս կանենք, այն կանենք, ինչպես Թուրքիան է անում։ Շատ համեստ ու լուռ աշխատանքներ  են տարվում, որից մեկն էլ հենց Վատիկանի սուրբ պատարագն էր։ Այլ հարց է, թե ինչքանով է այն նպաստելու մեր վերջնական պայքարին։ Կարծում եմ՝ թույլ նպատակ է՝ շեշտը դնել միայն ճանաչման գործընթացի վրա»,-ասաց նա։

 

Կարեն Աղամյանի խոսքով՝ պետք է ջանքերն ուղղել նրան, որ Թուրքիան ճանաչի ու հատուցի, ինչպես դա արեց Գերմանիան։ «Լավ օրինակ է Գերմանիան, որն իր արժանապատվությունը պահելով՝ ճանաչեց Հոլոքոստը և իր մեղքը հատուցեց և հատուցում է»,-ասաց նա, սակայն համաձայնեց, որ Թուրքիայի նման երկրին, որը ժխտողական քաղաքականությամբ շարունակում է Օսմանյան կայսրության հանցանքները, չի կարելի համեմատել Գերմանիայի հետ։