Թուրք հասարակությունը բարձրաձայնում է, որ ցեղասպանություն եղել է, իսկ պետությունը ժխտում է. թուրք քաղաքագետ

15:36 • 22.04.15

Ապրիլի 24-ին Թուրքիայի 28 քաղաքներում հայերը նշելու են զոհերի հիշատակման օրը, իսկ Կոմիտասի անվան թանգարանում հայերը ցուցատախտակ կկախեն: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ պլատֆորմի ընթացքում պատասխանելով հայ լրագրողների հարցերին՝ այս մասին ասաց թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարը:

 

Նրա խոսքով՝ Թուրքիայում պետությունն առանձին բան է, հասարակությունն՝ առանձին. «Հասարակական մակարդակում բավական մեծ բաներ են անում, իսկ պետական մակարդակում ոչինչ չկա»:

 

Հարցին, թե իշխանական շրջանակների դիրքորոշումներում որևէ մեղմացում նկատվու՞մ է, թուրք քաղաքագետը պատասխանեց. «Այնտեղ ևս փոփոխություններ կան: Օրինակ՝ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի մասնակցությամբ եկեղեցում աղոթք է լինելու, որին պետության մակարդակով մասնակցելու են: Հասարակությունը բարձրաձայնում է, որ ցեղասպանություն եղել է, իսկ պետությունը ժխտում է»:


Tert.am-ի դիտարկմանը, թե Արամ Աթեշյանն ասում, որ ապրիլի 24-ին 1915 թվականի առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված թուրք և հայ ժողովուրդների զոհերի հիշատակի համար է աղոթք մատուցվելու, ոչ թե ցեղասպանության զոհ դարձած հայերի, Չենգիզ Աքթարը պատասխանեց. «Ոչինչ չենք կարող անել, քանի որ ասվում է համատեղ ցավ, և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան համատեղ ցավ են կրել: Ոգեկոչման հարցում Թուրքիայից ավելին սպասել պետք չէ»: