Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին տեսախցիկով համալրված անօդաչու սարք է հայտնաբերվել

09:53 • 22.04.15

Տոկիոյի կենտրոնում Ճապոնիայի վարչապետի նստավայրի տանիքին տեսախցիկով և ծխային ռումբով փոքր անօդաչու սարք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանական վարչությունը, որի տվյալներով՝ դեռ պարզ չէ, թե երբ է ընկել այդ սարքը, գրում է ТАСС-ը:

 

50 սանտիմետր երկարությամբ անօդաչու սարքը հայտնաբերվել է նստավայրի տանիքին ուղղաթիռի հրապարակի կողքին: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ քննություն է սկսել:

 

Դեռ հայտնի չէ, թե ինչ լուսանկարներ է արել այդ սարքը և ինչ նպատակով է համալրված եղել ծխային սարքավորմամբ: Ինքը՝ վարչապետ Սինձո Աբեն, այժմ այցով Ինդոնեզիայում է: