Ժխտողականությունը Ցեղասպանության վերջին փուլն է. Ջեֆրի Ռոբերտսոն
Այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումում «Մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացումը միջազգային իրավունքում» նիստի նախագահող, իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը իր ելույթի սկզբում անդրադարձավ Հիտլերի այն խոսքին, երբ հրավիրելով իր գեներալներին՝ նա կոչ արեց գթություն չցուցաբերել ոչ մեկի նկատմամբ և հայտարարեց, թե «այժմ ո՞վ է հիշում հայերի վերացումը»:
«Այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը, և դա անվանում ենք Ցեղասպանություն, որը զանգվածային սպանություններ են՝ իրականացված ռասսայական և կրոնական հիմքերի վրա»,-ասաց նա և նշեց, որ ոչ մի հիմնավոր կասկած չկա, որ ժողովրդի կեսի վերացումը եղել Ցեղասպանություն:
Ինչ վերաբերում է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հիշատակությանը նվիրված միջոցառումներին, ապա նա դրանք համարեց շեղող և նկատեց, որ որոշ պետությունների ներկայացուցիչներ մասնակցում են դրան:
Նա նշեց, որ այդ ընթացքում իր քեռիները ևս սպանվել են՝ քաղաքական գործիչների հիմարության պատճառով։
«Իսկ նրանք, ովքեր սպանդի ենթարկվեցին Օսմանյան թուրքերի կողմից, սպանվեցին միջազգային հանցագործության արդյունքում»,-ասաց նա և անդրադարձավ Սևրի պայմանագրում ներկայացված խոստումներին, որոնք այդպես էլ չիրականացան:
Բանախոսը խոսեց թուրքական ժխտողականության վատ ազդեցության մասին և նկատեց, որ Թուրքիան պնդում է, թե հայերին սպանելու իրավունք ուներ:
«Իրավիճակ գոյություն չունի, երբ միջազգային իրավունքը թույլ է տալիս քաղաքացիական բնակչությանը սպանդի ենթարկել»,-ասաց նա և հավելեց, որ ժխտողականությունը ցեղասպանության վերջին փուլն է։










