Մայր աթոռը ներկայացրել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունների ժամանակացույցը

12:21 • 22.04.15

Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի կունենա Հսկման արարողություն: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։


Արարողությանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել Երևանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով հատկացված ավտոբուսներից, որոնք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից ժամը 19:00-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածին կսկսեն փոխադրել ժողովրդին:


Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սբ Պատարագ:


Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում` Սբ Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:


Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ:


Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի հավատավոր զավակներին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում իրենց աղոթական մասնակցությունը բերելու պատմական այս իրադարձությանը: