Տեղի ունեցավ ռուսական ուղղափառ Սուրբ Խաչ եկեղեցու զանգերի և խաչերի օծման արարողությունը
Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցու զանգերի և խաչերի օծման արարողությունը տեղի ունեցավ այսօր: Ծեսը մատուցեց Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցիչը։ Օծումից հետո հնչեցին արդեն իսկ օծված զանգերը։
Նշենք, որ ռուս Ուղղափառ եկեղեցին կառուցվում է միայն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով, ով սակայն չէր կարողացել գալ և մասնակցել եկեղեցու օծման արարողությանը։ Փոխարենն այստեղ էր նրա եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը, ով լրագրողներին տեղեկացրեց, թե եղբայրը չի եկել, քանի որ զբաղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով։ «Այդ պատճառով ոչ միայն այսօր, այլ նաև ապրիլի 24-ին էլ նա չի կարող գալ, մեծ միջոցառումներ են կազմակերպվում ՌԴ-ում, և ինքը պետք է մնա և ղեկավարի դրանք»,- ասաց նա։
Հարցին, թե կարելի է եզրակացնել, որ հայերի միության նախագահի վատ աշխատանքի արդյունքով է, որ բարեկամ ՌԴ-ն որոշ շրջաններում, մասնավորապես Սոչիում չի թույլատրում միջոցառումները խորհրդանշող ցուցապաստառներ փակցնել, Սերյոժա Աբրահամյանը պատասխանեց, թե նման միջադեպեր բոլոր տեղերում էլ կարող են պատահել։ «Գիտեմ, հայերի միությունն աշխատում է, և պետք է կանխարգելվի, իսկ որ նման դեպքեր միշտ լինում են և ոչ ոք ապահովագրված չի»,- ասաց նա։
Թե ինչու է ձգձգվել ռուսական եկեղեցու շինությունը Սերյոժա Աբրահամյանը նշեց, որ նախնական նախագծի փոփոխության պատճառով, նախապես պլանավորված էր եղել, որ պետք է լինի եկեղեցի, սակայն հետո որոշվել է, որ պետք է կառուցվի հոգևոր կենտրոն։
Հարցին, թե տեսակետ կար, որ Արա Աբրահամյանի գործերը լավ չեն, եղբայրը հակադարձեց. «Ուրեմն մի բան ասեմ, Արա Աբրահամյանի գործերը միշտ լավ են եղել ու կասկածանք չկա, միշտ էլ լավ մնալու են, էդ բամբասողները թող իրենց մասին մտածեն։ Եթե մի մարդ 600-700 գրասենյակ է պահում Ռուսաստանում, չգիտեմ դուք տեղյա՞կ եք, թե չէ, ամեն տեղից զանգում են ասում են ուզում ենք դառնալ հայերի միության նախագահ, դժվարություններ միշտ էլ լինում են, իհարկե»։
Թե ինչքան գումար է ծախսվել՝ ասաց, թե տեղյակ չէ. «Աստված ինչքան որ տա։ Աստված շատ տալիս է, շատ էլ օգտագործում ենք»։
Ի դեպ, ըստ նրա, ամեն ինչ առավելագույն որակով է արվում՝ խաչերը, զանգերը և գմբեթը «մաքուր ոսկեզօծված են»։
Հարցին, թե դրանով արդյոք Արա Աբրահամյանը փորձում է սիրաշահել ռուսական իշխանություններին, Սերյոժա Աբրահամյանը նշեց, որ պետք չէ քաղաքական իմաստ տալ։ «Սա երկու ժողովուրդների դարավոր բարեկամության տուրք է»,- ասաց նա։










