Թուրք որոշ քաղաքական ուժեր մտավախություն ունեն, որ Ցեղասպանությունը ճանաչելով կարող են փոխհատուցման հույս տալ հայերին. Tertio
«Ցեղասպանություն, որ իրականում սկսել է 1915թ.-ից առաջ». այս տողերով է սկսում իր հոդվածը Նիդեռլանդների հայտնի Tertio շաբաթաթերթը, որը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև պատմել պարբերականի թղթակցի՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մասին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատմությանն ու դարասկզբի Թուրքիայի քաղաքական շահերին՝ պարբերականը բացատրում է իր ընթերցողներին, թե ինչու է հենց ապրիլի 24-ը նշվում որպես հիշատակի օր՝ խոսելով 1915թ. հենց այդ օրը ձերբակալված և սպանված հարյուրավոր հայ մտավորականների մասին:
«Թուրքիան դժկամությամբ ընդունում է, որ առնվազն 300.000 հայ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ բոլորովին վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանը անգամ ցավակցություն հայտնեց զոհվածների ժառանգներին, սակայն իսլամական բարյացակամությունն այսքանով ավարտվում է: Միաժամանակ թուրքական որոշ քաղաքական ուժեր մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության ամոթալի փաստ ընդունելով, նրանք կարող են փոխհատուցման հավակնություն ունենալու հույս տալ հայերին»,- գրում է պարբերականը:
Նշենք, որ Tertio-ի թղթակցի այցը Հայաստան կազմակերպել էր Բրյուսելում գործող Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (EuFoA) կազմակերպությունը, և հոդվածի էջերում ընդգրկուն ներկայացված են նաև Հայաստանի եկեղեցիները, իսկ Հայաստանը որակված է որպես աշխարհի քրիստոնյաների համար լավագույն զբոսաշրջային հանգրվան:










