Եմենում ավարտվել է արաբական 10 երկրների ռազմական գործողությունը, նախագահը վերադառնում է երկիր
Արաբական երկրների կոալիցիան իր նպատակին հասնելուց հետո ավարտել է Եմենում ռազմական գործողությունը։ Համապատասխան հայտարարությունն արել է դաշնակից ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Корреспондент-ը։
Նախքան այդ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կոալիցիայի օդային հարվածները հանգեցրել են բալիստիկ զենքի ոչնչացմանը, որը գտնվում էր հուսիթների, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալիհի ձեռքում։
Ըստ Arabiya TV հեռուստաալիքի՝ կոալիցիան «հասել է Եմենում իր նպատակներին», և այժմ սկսվում է նոր գործողություն, որը կոչվում է «Հույսի վերադարձ»։
Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հեռուստաուղերձում հայտնել է, որ նա իր կողմնակիցների հետ վերադառնում է երկիր։ Նա իր խոսքում նշել է, որ մտադիր է վերականգնել Եմենը։
Հիշեցնենք, որ միջազգային կոալիցիան սկսել էր օդային հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին մարտի 26-ից։










