Փոքր երկիր՝ մեծ ազգ. Guardian-ի անդրադարձը Երևանից
Բրիտանական Guardian պարբերականի Միջին Արևելքի բաժնի խմբագիր Յան Բլեքը Հայաստանի մայրաքաղաք Երևանից ստացած իր տպավորություններով է կիսվել:
«Փոքր երկիր՝ մեծ ազգ. Ցեղասպանությունն ինչպե՞ս է ձևավորել ներկայիս Հայաստանը» վերտառությամբ հոդվածում նա պատմում է հայերի հուշերի և հիշատակի արարողություններին հայերի պատրաստության մասին:
Երևանի մասին տպավորություններով կիսվելիս հոդվածագիրը խոսում է 1915-ի խորհրդանիշը համարվող մանուշակագույն, դեղին ու սպիտակ գույներով անմոռուկ ծաղկի մասին, որի պատկերը քաղաքում հնարավոր է տեսնել պաստառների, շապիկների, հովանոցների, մեքենաների, անգամ՝ տորթերի վրա:
Հոդվածագիրը նշում է Չանաքքալեի հաղթանակի օրն ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի որոշման մասին ու ընդգծում, որ դա էլ թուրքական պետության ժխտողականության նշաններից է:
«Հիշողության ձևավորումն ազգային պարտականություն է համարվում: Ֆաշիստների իրագործած հրեական ցեղասպանության հետ զարմանալի նմանություն կա: Հրեաների նման հայերն էլ Երևանում ցեղասպանության թանգարան ունեն, որտեղ օտարերկրյա զբոսաշրջիկների առաջին կանգառն է լինում»,- գրում է նա:
Քարե տներից ու հողոտ ճանապարհներից է բաղկացած 7-րդ դարին պատկանող քանդված վանքի մոտ գտնվող Ներքին Սասնաշեն գյուղը: Բնիկները պատմում են 1894 թվականի կոտորածների ընթացքում թուրքերին ու քրդերին դիմադրություն ցույց տվողների բերդը համարվող, ներկայիս Թուրքիայի Բաթման նահանգի լեռնային Սասունից եկող իրենց արմատների մասին:
Սասնաշեն նշանակում է՝ «Սասունցիների կողմից կառուցված»:
Հոդվածագիրն արձանագրում է, թե ինչպես են նրանցից շատերն Արևմտյան Հայաստանի իրենց գյուղերի ու քաղաքների անուններով կոչում երեխաներին և թե ինչպես են սասունցիները պահպանում իրենց ավանդական պարերը:
«Շատերն իրենց արմատները գտնելու համար Թուրքիա են գնացել, սակայն շատ ցնցող, հուզիչ ու սրտաճմլիկ փորձառություն է դա եղել: Ոմանք էլ սեփական հայրենիք որպես զբոսաշրջիկ գնալ չեն ցանկանում: Եթե սահմանը բաց լիներ, մինչև Արարատ մեքենայով հասնելը 90 րոպե կտևեր: Սակայն այժմ Վրաստանի տարածքով հասնելը 14 ժամ է տևում»,- գրում է հոդվածագիրը:
Իսկ հոդվածի վերջում նա թվարկում է Սփյուռքի ներկայացուցիչ աշխարհահռչակ հայերին:










