Բելառուսի սահմանապահները հայտնաբերել ու փակել են դեպի ԵՄ իրանցի ապօրինի ներգաղթյալների մուտքի ալիքը

17:03 • 23.04.15

Բելառուսի սահմանապահները բացահայտել ու փակել են դեպի Եվրամիություն Իրանի քաղաքացիների տարանցման անօրինական ալիքը, գրում է interfax.ru-ն:

 

Կազմակերպիչներն ի սկզբանե իրանցիներին առաջարկել են եվրոպական երկիր մտնել՝ Հայաստանից մեկնելով: «Սակայն անհայտ պատճառներով Իրանի քաղաքացիներն ապարդյուն սպասել են իրենց թռիչքին մոտ երկու ամիս: Այդ ժամանակ որոշում է կայացվել շարժվել Բելառուսով»,- հայտնել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությունից:

 

Սահմանապահների համաձայն՝ Իրանի 15 քաղաքացու համար խմբակային վիզա է ձևակերպվել զբոսաշրջային ընկերության միջոցով: Նրանց հրահանգներ են տվել, թե ինչպես իրենց պահել և ինչ ասել Բելառուս-Լեհաստան սահմանին:

 

Բոլոր օտարերկրացիները մտադիր էին հատել սահմանը «Բրեստ-Տերեսպոլ» գնացքով։ Խմբի չորս մասնակիցներ ձերբակալվել են Բրեստի կայարանում, մնացածները՝ Մինսկի հյուրանոցում: Պարզվել է, որ Եվրամիություն մուտք գործելու համար ներգաղթյալներից յուրաքանչյուրը կազմակերպիչներին 10-15 հազար դոլար է վճարել:

 

Այժմ օտարերկրացիները Բելառուսում Իրանի դեսպանատան աջակցությամբ ուղարկվել են Հայաստան: