Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների առաջնորդների հանդիպում

17:24 • 23.04.15

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցավ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Հովվապետերի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ և Մալանկարայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հանդիպումը:


Այս մասին հաղորդում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն է  հայտնել  Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների հոգևոր պետերի այս հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ 1965 թ. Ադիս Աբեբայի հանդիպումից հետո նման հնարավորություն չի ընձեռվել: Նորին Սրբությունը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել  վերջիններիս Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայաստան ժամանելու առիթով:


Իր հերթին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ողջունելով Քույր Եկեղեցիների առաջնորդներին, ներկայացրեց սրբադասման արարողության կարևոր նշանակությունը:
 

Հանդիպման ընթացքում հովվապետերը քննարկել են  Արևելյան Ուղղափառ Քույր Եկեղեցիների ընտանիքին հուզող խնդիրները, անդրադարձ կատարել  մասնավորապես Եկեղեցիների հավատացյալների առջև ծառացած մարտահրավերներին: Կարևոր է նկատվել, որ վերականգնվի Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի պարբերական հանդիպումների ավանդությունը, ինչը կարևոր խթան կլինի համագործակցության զորացման համար:


Ղպտի, Ասորի և Մալանկարա Եկեղեցիների առաջնորդները ևս գոհունակություն  են  հայտնել  Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա գտնվելու կապակցությամբ և իրենց հերթին վերահաստատել են  Քույր Եկեղեցիների հովվապետերի հանդիպումների կարևորությունը: