Ամերիկացի կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատում ընթերցել է Ցեղասպանության զոհերից 1.000-ի անունները (տեսանյութ)

09:51 • 23.04.15

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ է հատկացրել Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունն ընթերցելու համար:



Ինչպես նշում է asbarez.com-ը, իր հայանպաստ գործունեությամբ հայտնի կոնգրեսականն ընթերցել է այն նահատակների անունները, որոնց մասին տվյալները նախապես գրանցված են եղել պաշտոնյայի առաջարկած առցանց հասցեում:

 

«Մեկ ժամում ես ի վիճակի եղա ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները: Բոլորի անուններն ընթերցելու համար կպահանջվեին շաբաթներ: Սակայն ես լիահույս եմ, որ այս քայլով կնպաստեմ հասարակության ուշադրությունն այդ սոսկալի հանցանքի կողմը հրավիրելուն»,- ասել է Շիֆը:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայերի համար խորհրդանշական այս տարում ևս 1915թ. տեղի ունեցած դեպքերը չի բնորոշի որպես «ցեղասպանություն»: