Չնայած վատ եղանակին` մարդիկ հավաքվել են. վիրահայությունը միացավ սրբադասման արարողությանը (ֆոտո)
Վիրահայությունն այսօր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուց մասնակիցը դարձավ Հայոց ցեղասպանութան 100-րդ տարելիցին ընդառաջ ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը` ուղիղ կապով միանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին:
«Հայերը, միանշանակ, հետաքրքրված են, և չնայած եղանակային վատ պայմաններին` մարդիկ հավաքվել են: Ինչքան կարողացել ենք, միջոցներ ենք գտել, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան, և եղանակը չխանգարի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Թբիլիսիի առաջնորդարանի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ Քահանա Ղուշչյանը:
Վերջինիս խոսքով` այսօր և վերջին ժամանակաշրջանում եղել է Վրաստանում, գոնե վերջին 10-12 տարիներին մարդիկ մեծ ակտիվություն են ցուցաբերել. «Արդյունքն այն էր, որ մենք տեսանք, թե ամբողջ աշխարհն ինչպես արձագանքեց 100-րդ տարելիցին»:
Սրբադասման արարողությունից հետո վիրահայությունը ջահերով երթ կանցկացնի դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: «Այսօր երեկոյան ջահերով երթի և Թուրքիայի դեսպանատան մոտ վաղվա ցույցի և նման միջոցառումների նպատակն այն է, որ մենք հիշում ենք, պահանջում ենք, տեր ենք կանգնելու և ստանալու ենք այն ամենը, ինչ պահանջում ենք»,-ասաց Տեր Նարեկը:
Հարցին, թե արդյո՞ք Վրաստանում ապրող թուրքերի և ադրբեջանցիների կողմից 100-րդ տարելիցի միջոցառումները խոչընդոտելու քայլեր ձեռնարկել են, նա պատասխանեց. «Որոշ տեղեկություններ ստացել ենք մամուլից և հեռուստատեսությունից, որ ինչ-որ խոչընդոտներ են ուզում առաջացնել, բայց կարևորն այն է, թե մենք ինչ ենք ուզում և ինչ ենք անելու: Խոչընդոտները միշտ ել եղել են և կլինեն: Նրանք տեսան, որ մենք 100 տարի հետո էլ կանք և ձայն ենք բարձրացնում, ամբողջ աշխարհում ևս եղան մարդիկ, ովքեր ասացին, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և պիտի դատապարտվի»:










