DEMYC-ը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

20:50 • 24.04.15

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքում ապրիլի 24-ին ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացված էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, անդրադառնալով բանաձևին, նշել է, որ փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ DEMYC-ը միանում և վճռականորեն աջակցում է Հայաստանի հանձնառությանը և հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման,  ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում։ «Բանաձևը հստակ ու խիստ շեշտադրումներ ունի, այնպիսի տպավորություն է, որ այն մենք ենք գրել»,- ասել է Կարեն Ավագյանը:


Բանաձևի ընդունումից հետո եվրոպացի երիտասարդները հանդիպել են ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։


Նա ընդգծել է, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները միջազգային մեծ արձագանք պետք է ունենային, բայց այն, ինչ կատարվում է և կատարվելու է, ամենալավատեսական կանխատեսումներից վեր են։ «Ե′վ միջազգային քաղաքական հանրության, և′ հասարակական հատվածի, և′ մտավորականների, գիտության գործիչների արձագանքները, համաշխարհային նշանակության մարդկանց կարծիքները, որոնք այսօր ամենաընթերցվող և տարածվող լուրերից են, Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային պետական շահերի հետապնդման գործում հսկայական հանգրվան են։ Իհարկե, այս գործընթացներից անմասն չեն մնացել նաև երիտասարդական կառույցները։ Այն, որ DEMYC-ը նույնպես անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության հարցին, պատահական չէ։ Այստեղ գտնվող երիտասարդները վաղն իրենց երկրների էլիտան են դառնալու։ Եվ եթե այս տարիքից Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ նրանք ունեն իրազեկության բարձր մակարդակ, քաղաքական և քաղաքացիական կեցվածք, ունեն մեծ գիտակցություն և սեր դեպի Հայաստան, ակնհայտ է, որ վաղը, երբ նրանք դառնան որոշումներ կայացնող, Հայաստանի բարեկամների թիվը կավելանա»,- ընդգծել է Աշո յանը։


Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ այն, ինչ կատարվել է Ծիծեռնակաբերդում այսօր, 5 երկրների նախագահների մասնակցությամբ, աննախադեպ քաղաքական ակցիա էր։ Եվ ուրախալի է, որ ղեկավարների հետևից գալիս են նոր սերունդներ, որոնք կիսում են այդ տեսակետները, սերունդներ, որոնք ունեն կեցվածք և արժեհամակարգին հավատարիմ մնալու ցանկություն։
DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը։