Ունենք հավաքական պարտք` պաշտպանելու մեր երեխաներին Ցեղասպանության տառապանքից. Էսթեր Մուջավայո
Հայերը և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներն ունեն հավաքական պարտք` պաշտպանելու իրենց հասարակություններում մեծացող երեխաներին` հանցագործություններից մեծագույնի` Ցեղասպանության տառապանքից:
Այս մասին այսօր՝ Ծիծեռնակաբերդում ընթացող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությանը հայտարարեց Ռուանդայի թութսի ցեղախմբին պատկանող կին, ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոն, ով հրաշքով է ողջ մնացել, տեսնելով 1994թ ցեղասպանության ժամանակ ամուսնու, հոր, քրոջ, մորաքրոջ, հորաքրոջ, սկեսրայրի, սկեսրոջ սպանությունները:
«Ինձ համար մեծ պատիվ է` մասնակցել այս միջոցառմանը, որի վրա ողջ միջազգային հանրության ուշադրությունն է բևեռվել: Շատ կարևոր է, որպեսզի մենք կանգնենք մեր հայ քույրերի ու եղբայրների կողքին: Կրենք նրանց ցավը, նրանց հետ լինենք նրանց տառապանքի,և, իհարկե, վերածննդի պահին»,- ասել է նա։
Հիշեցենք, որ «Ընդդեմ Ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումին, ցեղասպանություն վերապրած կինը հայտարարել էր.«Պետք է հաղթես քեզ սպանողներին»:
Նա հավելել էր, որ 1994 թվականի ապրիլին նա Ռուանդայում գոյատևել է մի իրավիճակում, երբ բոլոր թութսիները, այդ թվում և ինքը, թիրախավորված էին:










