Հայոց ցեղասպանության Ճանաչումը խաղաղության ակտ է. Ֆրանսուա Օլանդ

13:29 • 24.04.15

Առաջին անգամ, երբ մարդկության քաղաքակրթության մեջ մտավ Ցեղասպանություն  հասկացողությունը, դա Հայոց ցեղասպանությունը դատապարտման համար էր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթի ժամանակ ասաց Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Նա նշեց, որ այդ ժամանակ Ֆրանսիան մազապուրծ եղած հայերի մի մասին ընդունեց, որոնք որպես միակ գույք ունեին իրենց հիշողությունը: «Նրանք փնտրում էին նոր հայրենիք»,-ասաց նա և նկատեց, որ այդ հայերը եղան Ֆրանսիան պաշտպանողներից և երբ ֆրանսիան վերակառուցվելու, բարգավաճելու կարիք ուներ նրանք, նպաստեցին այդ գործում` առանց մոռանալու իրենց հետ կատարվածը:
 

«Նրանք բոլորը նույնքան ֆրանսիացի են, որքան հայ և միավորում են երկու երկրները` ինչպես Շառլ Ազնավուրը, ով մեր համատեղ հպարտությունն է»,- ասաց նա:


Ֆրանսիայի նախագահը նշեց, որ իրենց երկրում բազմաթիվ հուշարձաններ, հուշակոթողներ հավերժացնում են Եղեռնի զոհերի հիշատակը,  Փարիզի կենտրոնում է Կոմիտասի արձանը:


«Մենք նաև գիտակցում ենք, որ մեկուկես միլիոն հայերի ոչնչացման համար մեկ դար առաջ «ցեղասպանություն» բառ, եթե թույլ տրվի ասել, հայտնագործվեց»,- ասաց նա և նշեց, որ 2001 թվականից ի վեր օրենքի ողջ հանդիսավորությամբ Ֆրանսիայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:


«Այս օրենքը հռչակում է մի ակնհայտ իրողություն, այն դատապարտվում է վաղուց ի վեր պատմաբանների կողմից հաստատված փաստերը, բայց նրանց ջանքերը չեն ավարտվել: 2001 թվականի օրենքը ճշմարտության անհրաժեշտ ակտ է»,- ասաց նա և նշեց, որ այն հարգալից օրենք է, քանի որ չի մեղադրում ներկան անցյալի մեղքերի պատճառով, այն համապատասխանում է ֆրանսիական արժեքներին:


Նախագահ Օլանդը նաև նշեց, որ Ֆրանսիան պայքարում է ժխտողականության, ապացույցների ոչնչացման դեմ, քանի որ դա նշանակում է վերստին իրագործել  ողբերգությունը:


Ֆրանսուա Օլանդն ասաց, որ Ֆրանսիան չի տարբերակում ողբերգությունները և նույն հաստատակամությամբ դատապարտում  է բոլոր ջարդերը, որտեղ և երբ էլ դա տեղի է ունենում:


«Ֆրանսիան միշտ ներկա է և հակազդում է»,- ասաց նա և անդրադարձավ Մերձավոր Արևելքի  զանգվածային ոչնչացումներին և նշեց, որ բոլոր փոքրամասնությունները վտանգված  են: Նա նկատեց, որ ահաբեկիչների բարբարոսությունները վնաս են հասցնում նաև  համատեղ ժառանգությանը, քանի որ ուղղված է նաև անցյալը ջնջելուն:


«Շատ կարևոր է լինել այսօր Երևանում` կոչ անելու պաշտպանել բոլոր փոքրամասնություններին, հատկապես արևելքի քրիստոնյաներին: Մենք պարտավոր ենք ցուցաբերել մեր համերաշխությունը, աջակցությունը: Ֆրանսիան դասեր չի տալիս, ակայն գիտի, թե ինչ է պատմության պարտավորությունը»,-ասաց նա և ավելացրեց, որ ոգեկոչել Ցեղասպանության զոհերին նշանակում է ընդունել մի ողբերգությունը, որը հարվածել է մարդկությանը, նշանակում է թույլ չտալ, որ վերստին նման բան կրկնվի:Ոգեկոչումը պարտականություն, պարտավորություն էր` հիշեցնելու, հիշողության տուրք մատուցելու և այն փոխանցելու հետագա սերունդներին»,- ասաց նա:


Ֆրանսիայի նախագահը նշեց, որ իրենք իրենց մասնակցությունը, ներդրումն են բերում նաև հաշտեցմանը, քանի որ հիշատակումը չպետք է օգտագործել մասնատելու համար, այլ նվիրված է խաղաղությանը, առաջընթացին: «100 ամյակը խաղաղության, հաշտեցման կոչ է: Թուրքիայում շատ կարևոր բառեր կան, որոնք հնչել են, սակայն կան բառեր, որոնք դեռ սպասում են հնչելու, և շատ կարևոր են ցավը մեղմացնելու համար»:


Ֆրանսուա Օլանդը ցանկություն և հույս հայտնեց, որ առաջիկայում ի զորու կլինեն բացել հայ-թուրքական սահմանը: Նա ափսոսանքով հիշատակեց նաև Հրանտ Դինքին, որը  սպանվեց:


«Ուզում եմ վերահաստատել, որ Ֆրանսիան ամեն ինչ անելու է` շարունակելու գտնել խաղաղ լուծում: Սա է  Երևանի ուղերձը` խաղաղություն, խաղաղություն բոլորին: Հայոց  ցեղասպանության Ճանաչումը խաղաղության ակտ է»,-հավելեց նա: