Ներողություն եմ խնդրում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար. ավստրալացի

18:01 • 24.04.15

Ավստրալացի Լեն Ուիքը Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի նահատակների հիշատակը հարգելու էր եկել ցուցապաստառով:


«Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ եկել՝ ասելու, որ մենք մտածում ենք, չնայած մեր քաղաքական գործիչների ամոթի»,-գրված էր նրա ցուցապաստառի վրա:
 

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի մասին գիրք է գրել և առաջիկայում պատրաստվում է ֆիլմ նկարահանել: Նա նշեց, որ ամուսնացած է հայ կնոջ հետ և այսօր ապրում է ոչ թե Ավստրալիայում, այլ՝ Թաիլանդում:
 

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իմ երկրների՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն այսօր Թուրքիայում են: Նրանք մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, քանի որ այդ տարիներին շուրջ 35 հազար բրիտանացի զինվոր է մահացել: Ես ուզում եմ ասել, որ այդ երկրների ժողովուրդները շատ անկեղծ ու հոգատար մարդիկ են: Նրանք արդեն ճանաչել և ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Մեծ ցավ և ամոթ եմ ապրում, որ մեր երկրների ղեկավարները չեն գիտակցում այդ ամենը: Նրանք վախենում են Թուրքիայից, որովհետև թուրքական իշխանությունները սպառնացել են»,- ասաց նա: