Գերմանիան ևս պետք է պատասխանատվություն կրի Հայոց ցեղասպանությանը մեղսակից լինելու համար. ԳԴՀ Նախագահի խոսքը՝պատարագին (տեսանյութ)
Ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում տեղի ունեցավ էկումենիկ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագի ընթացքում հիշատակվեցին նաև Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած այլ ազգերի քրիստոնյաներ` ասորիներն ու Պոնտոսի հույները:
Պատարագը մատուցեցին քրիստոնեական 6 համայնքի հոգևոր հովիվներ, այդ թվում և Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ: Հայերեն լեզվով աղոթք բարձրացրեց Գերմանահայոց թեմի առաջնորդ սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեգչյանը:
Պատարագին ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը, Բունդեսթագի երեք փոխնախագահները, իշխող կոալիցիայի խմբակցությունների նախագահները և 50-ից ավելի պատգամավորներ, դիվանագետներ, կառավարության անդամներ:
Նախագահ Յոախիմ Գաուկին դիմավորեց Գերմանիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:
Պատարագը մատուցեց Գերմանիայի ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Հայնրիխ Բեդֆորդ Շտրոհմը: Բեռլինի Մայր տաճարում հնչեցին շարականներ՝ Երևանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի կատարմամբ:
Պատարագի ավարտից հետո ելույթ-կոչով հանդես եկավ Գերմանիայի Նախագահը, ով 1915 թ-ին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայերի ջարդը որակեց որպես Ցեղասպանություն:
«Մենք՝ գերմանացիներս, նույնպես պետք է մեր պատմությունը վերաիմաստավորենք, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը մեղսակից լինելուն և այդ հարցում պատասխանատվությունը կիսելուն», -նշել է Գաուկը, ապա շարունակել. «Հայերի ճակատագիրը 20-րդ դարի զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, աքսորի, այո՛, ցեղասպանությունների պատմության վառ օրինակ է»:
Գերմանիայի Նախագահն ընդգծեց, որ հայերը ենթարկվել են ծեծի ու ջարդի միայն նրա համար, որ ազգությամբ հայ են: «Միայն ճշմարտության հետ առերեսվելով է հնարավոր գնալ հաշտության», - իր ելույթը եզրափակեց Գերմանիայի Նախագահը:
Գերմանիայի եկեղեցական խորհրդի նախագահ, կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, կարդինալ Ռայնհարդ Մարքսը դատապարտեց դարասկզբի ոճիրը` նշելով, որ միայն Հայոց ցեղասպանությունը դատապարտելով է հնարավոր ապագայում կանխարգելել նման սարսափելի դեպքերի կրկնությունը:
«Այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ` 1915-ի ապրիլի 24-ին, պետք է որակել մարդկության բնաջնջում: Գնալով ավելի շատ երկրներ, քաղաքական ու հոգևոր առաջնորդներ 1915 թվին տեղի ունեցած այդ բնաջնջումն անվանում են ցեղասպանություն: Նույնն արեց նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը` դատապարտելով հայերի հանդեպ իրագործված այդ մեծ հանցագործությունը` Ցեղասպանությունը: 1,5 մլն հայեր բնաջնջվեցին, աքսորի ճանապարհին սպանվեցին կամ սովամահ եղան»,- նշել է կարդինալ Ռայնհարդ Մարքսը:
Միջոցառման ավարտից հետո Բեռլինի Մայր տաճարում հավաքվածներին միացան մի խումբ երիտասարդներ և մոմավառության քայլերթով շարժվեցին դեպի Բրանդենբուգյան դարպասներ:










