Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Օլանդի հետ

20:12 • 24.04.15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Սերժ Սարգսյանը ողջունել է Նախագահ Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի Նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է:

 

Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալությամբ է հիշել մեկ տարի առաջ Ֆրանսիայի Նախագահի հայտարարությունը՝ այս օրը Հայաստանում հայ ժողովրդի կողքին լինելու և ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հպարտ է Ֆրանսիայի նման պետության հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու համար, որի հիմքում այսպիսի քայլերն են:

 

Նախագահը նշել է, որ շատ բարձր է գնահատում պարոն Օլանդի այսօրվա ելույթը և դրա միջոցով աշխարհին հղված նրա ուղերձները, առանց որոնց ոգեկոչման այսօրվա միջոցառումները լիարժեք չէին լինի: Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, թե այնպիսի զգացողություն ունի, որ Երևանում պատմական իրադարձության մասնակցեց. պատմական, որովհետև 100-րդ տարելիցն էր Հայոց ցեղասպանության: Պատմական, որովհետև միջոցառման բոլոր մասնակիցները խաղաղության և հույսի ուղերձ հղեցին այն ազգերին, որոնք պատմության ընթացքում ճնշվել են ու դառնություններ կրել: