Ապրիլի 24-ին մի հայուհի լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին, մյուսը՝ եռյակ՝ տղա և երկու աղջիկ
Ապրիլի 24-ի լուսադեմին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հայկուշ Սաֆարյանի 10-րդ երեխան` արու զավակ. այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Միաժամանակ «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո ունեցել է եռյակ` տղա և երկու աղջիկ: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` մասնագետների անմիջական հսկողության ներքո:
«Հղիության 32-րդ շաբաթում վաղաժամ ծննդաբերությամբ ծնված երեխաները անհաս են, ծնվել են ցածր քաշով, որը համապատասխանում էր հղիության ժամկետին: Երեխաները ներկա պահին ստանում են անհրաժեշտ բուժում, ինտենսիվ խնամքի կարիք ունենք: Մենք հույս ունենք, որ բուժման ելքը լավ է լինելու»,- նշել է նորածնային բաժանմունքի վարիչ Պավել Մազմանյանը:
«Տասներորդ երեխան ընտանիքում և երկար տարիների անպտղությունից հետո ծնված փոքրիկները ուրախություն են, որը խթան է, որպեսզի հայ ժողովուրդը վստահ քայլի առաջ»,- հավելել է գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, զրուցել մայրերի հետ, հետաքրքրվել նրանց և երեխաների առողջական վիճակով:
«Չնայած այսօր հայ ազգի համար տխրության օր է, բայց այս երեխաների ծնունդը, կարծես, խորհրդանշում է ազգի վերածնունդը և շարունակությունը»,- նշել է Արմեն Մուրադյանը` 10-րդ երեխային ծնունդն ընտանիքում որակելով մայրական սխրանք:
Սաֆարյան Հայկուշը 40 տարեկան է, ունի վեց աղջիկ և չորս տղա: Նա նշել է, որ չէր սպասում, որ երեխան հենց ապրիլի 24-ին կծնվի, սակայն վստահ էր, որ օրը պատահական չէ:
«Մեծ ուրախություն է ինձ համար, որովհետև հենց այս օրը ևս մեկ տղա երեխա ծնվեց»,- իր հուզմունքը չթաքցնելով ասել է մայրը, որի ավագ որդին ծառայում է Հայոց բանակում:










