Լրագրողները Հայոց ցեղասպանության մասին հարցերով «ճնշել» են ԱՄՆ պետդեպի ներկայացուցչին
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարի Հարֆին հերթական ճեպազրույցի ընթացքում Հայոց ցեղասպանության և նախագահ Բարաք Օբամայի հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են տվել։
Դրանց պատասխանելով՝ Հարֆը հիմնականում կրկնել է այն պաշտոնական տեսակետը, որն ԱՄՆ պետդեպն ու Սպիտակ տունը ներկայացրել էին նախորդ շաբաթվա ընթացքում, տեղեկանում ենք Պետդեպի կայքից։
«Նախագահը շատ ուժեղ հայտարարություն արեց՝ խոսելով տեղի ունեցած պատմական դեպքերի մասին։ Համոզված եմ, որ կարդացել եք դա։ Մենք հասկանում ենք, որ որոշ մարդիկ ցանկանում էին այլ բան լսել։ Բայց մենք համոզված ենք, որ սա է ճիշտ ուղղությունը, և դուք պետք է կարդաք նախագահի հայտարարությունը՝ տեսնելու համար, թե նա որքան լրջորեն է մոտենում պատմական այդ դեպքերին»,- ասել է նա։
Լրագրողները Պետդեպի ներկայացուցչին հիշեցրել են, որ Օբաման 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր ճանաչել Ցեղասպանությունը, սակայն այս անգամ ևս նա չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը։
«Կարծում եք՝ ԱՄՆ ազգային շահերի՞ց է բխում Հայոց ցեղասպանության ժխտումը», «Դուք վախենո՞ւմ եք Թուրքիայից», հարցրել են Հարֆին։ Այդ հարցերին պաշտոնյան խուսափոխական պատասխան է տվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողները փորձել էին Հարֆից պարզել, թե արդյոք Օբաման 1915թ. դեպքերն ընդունում է որպես ցեղասպանություն: Սակայն խոսնակն անորոշ, ոչինչ չասող պատասխան էր տվել: Երբ լրագրողը փորձել էր Պետդեպի ներկայացուցչից ճշտել, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը չի իրագործում նախընտրական քարոզարշավի ժամանակ ամերիկահայ համայնքին տված խոստումը, Հարֆը տվել էր անորոշ պատասխան: Այնուհետ նա նշել էր, որ 100-րդ տարելիցին ընդառաջ Օբամայի վարչակազմը բազմաթիվ քննարկումներ է ունեցել, որպեսզի հստակեցնի իր դիրքորոշումը:
«ԱՄՆ-ն ճանաչել է Հոլոքոստը, ու դա որևէ կերպ չի անդրադարձել Գերմանիայի հետ հարաբերությունների վրա: Մի՞թե Թուրքիայի հետ հարաբերություններն այդքան նուրբ ու փխրուն են, որ թույլ չեն տալիս իրերն իրենց անուններով կոչել»,-հարց էր հղել լրագրողներից մեկը: Սրան ի պատասխան Հարֆն ասել էր, որ նա «չի պատրաստվում քննարկել ու համեմատել այդ 2 դեպքերը»: Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մնացած բոլոր հարցերի մասով Պետդեպի խոսնակի պաշտոնակատարն առաջարկել է դիմել Սպիտակ տանը:










