Ապրիլ 24-ին Միլանի Դուոմոյում Հայ առաքելական Սուրբ եկեղեցին էկումենիկ արարողություն էր կազմակերպել

11:20 • 25.04.15

Իտալական թերթերը այսօրվա իրենց հրապարակումներում լայնորեն անդրադարձել են Իտալիայի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված էկումենիկ արարողությանը տեղի ունեցած ապրիլ 24-ին Միլանի Դուոմոյում: Արարողությանը ներկա էր և նախագահում էր Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, Կարդինալ Անջելո Սկոլան:


Իտալիայի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատասխանատու՝ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցում էին նաև Հյուսիսային Իտալիայի կաթոլիկ թեմերի թեմակալ առաջնորդներ, Լոմբարդիայի արքեպիսկոպոսարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում և Միլանում գործող ավելի քան 10 քույր եկեղեցիների թեմակալներ, պատասխանատուներ և ներկայացուցիչներ, քաղաքային, մարզային և նահանգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված 10-ից ավել երկրների գլխավոր հյուպատոսներ և դեսպաններ, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը: