Ցեղասպանությունից փրկված 105-ամյա Հույնա տատի պատմությունը հարազատները փոխանցում են սերնդեսերունդ (տեսանյութ)

12:54 • 25.04.15

Հայոց ցեղասպանության մասին շատ բան է հայտնի, սակայն ամենաթանկն այժմ ականատեսների վկայություններն են, նշում է ռուսական Առաջին ալիքը՝ ներկայացնելով ռեպորտաժ ցեղասպանությունը վերապրած 105-ամյա Հույնա տատի մասին։

 

«Այս տանը երբեք դատարկ չի լինում։ Մի տանիքի տակ են Մարկոսյան ընտանիքի 5 սերունդները։ Ամենամեծը Հույնա տատն է։ Նրա ծնողները մահացել են՝ փախչելով Նախիջևան գյուղից, որն այժմ Թուրքիայի տարածքում է։ Այն ժամանակ նա եղել է 5 տարեկան, այժմ 105 տարեկան է։ Նա արդեն կուրացել է, սակայն ասում է, որ հիշողությունները մինչ օրս աչքի առաջ են»,- ասվում է ռեպորտաժում։

 

«Թուրքերը եկան զենքով, սակայն մեր ընտանիքը հասցրեց փախչել։ Մենք շտապ անցանք գետը, հորդառատ անձրև էր, և ջուրը դուրս էր եկել ափերից։ Հոսանքը տանում էր մարդկանց, մայրիկները չէին կարողանում պահել ձեռքերում փոքրիկ երեխաներին, շատ մարդիկ մահացան։ Իսկ հետո տապ էր, և ողջ մնացածներին սպանում էր մալարիան»,- հիշում է 105-ամյա տատիկը։

 

Հիվանդություններ, սով, 2 տարվա դեգերումներ տափաստաններով և դաշտերով։ Նրանք ապաստան էին փնտրում, սակայն հանդիպում էին նույն տեսարանը՝ թուրք զինվորների կողմից ոչնչացված հայկական գյուղեր։

 

«Մենք ամիսներով հաց չէինք տեսնում։ Թափառում էինք։ Ես հիմա գիշերները երկար պառկում եմ և անընդհատ հիշում այն, ինչ տեղի էր ունենում մեզ հետ։ Իմ տառապանքները, իմ արցունքները։ Այդ բոլոր փորձություններից հետո, կարծես, իմ ոսկորները երկաթից են դառել»,- ասում է Հույնա տատիկը։

 

Փորձությունները հաղթահարելով՝ նրանք նոր տուն են գտել։ Ավելի ճիշտ՝ կառուցել են իրենց ձեռքերով։ Ամայի դաշտում ցեղասպանությունից փրկվածները հիմնել են Թաթուլ գյուղը։

 

«Հայերն ասում են, որ երեխաները կյանքի ծաղիկներն են։ Եվ նշում՝ յուրաքանչյուր ընտանիքում պետք է լինի մեծ ծաղկեփունջ։ Մարկոսյանների ազգում հիմա կա 62 մարդ։ Եվ Հույնա տատի հիշողությունները փոխանցում են սերնդեսերունդ, որպեսզի անցյալի սխալներն այլևս չկրկնվեն»,- նշվում է ռեպորտաժում։