Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջում BBC-ից՝ Լեռնային Ղարաբաղի մասին ռեպորտաժի համար

13:21 • 27.04.15

Ադրբեջանին զայրացրել է բրիտանական BBC հեռուստառադիոընկերության թղթակից Ռեդա Էլ Մավիի այցը Լեռնային Ղարաբաղ և նրա պատրաստած ռեպորտաժը, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դժգոհ է այդ ռեպորտաժից։

 

«Մենք BBC-ի ղեկավարությունից պահանջում ենք հստակեցնել հարցը։ Ինչպես երևում է ռեպորտաժից՝ հեռուստաընկերության թղթակիցն անօրինականորեն մեկնել է Ադրբեջանի գրավյալ տարածք՝ դրանով իսկ խախտելով Ադրբեջանի Հանրապետության՝ Պետական սահմանի մասին օրենքը»,- ասել է նա։

 

Թղթակցի ռեպորտաժը Սիրիայից գաղթած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված հայերի մասին է։

 

Հավանաբար թղթակիցը կհայտնվի Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում», որտեղ ներառված անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։