Էրդողանը Ռուսաստանին, Ֆրանսիային ու Գերմանիային կոչ է արել «նախ սեփական կեղտոտ պատմությանը նայել»

12:12 • 27.04.15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կեցվածքն ու նրանց հիշեցրել է Ռուանդայի, Ալժիրի, Կովկասի ցեղասպանությունների ու Հոլոքոստի մասին, գրում է «Հուրրիյեթ»-ը։

 

Էրդողանն այդ երկրներին կոչ է արել «նախ սեփական կեղտոտ պատմությանը» նայել և հայտնել, որ իրենց վշտացնում է այդ երկրների կեցվածքը «հայկական պնդումների հարցով»։

 

Ապա դիմելով Եվրոպական միությանը՝ Էրդողանն ասել է, որ պատրաստ են բացել բոլոր արխիվները։

 

«Հայկական պնդումներին աջակցող երկրներին նախ իրենց պատմության բծերը մեկ առ մեկ մաքրելու կոչ եմ անում։ Այդ հարցում ամենաքիչը խոսելու իրավունք ունեցող երկրներն են Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան»,- ասել է նա։