Իսրայելի հայ համայնքը մեղադրել է նախագահին Ցեղասպանությունը չճանաչելու համար
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին և նրանցից նախատինքներ լսել առ այն, որ հրեական պետությունը չի ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է РИА Новости-ն։
Ռիվլինը, համաձայն իր մամուլի ծառայության հաղորդագրության, օգտագործել է հայերի «զանգվածային սպանություն» կամ «հայերի ողբերգություն» տերմինները, ինչպես նաև ասել է, որ Իսրայելի իշխանությունները չեն ձգտում մեղքը որևէ կոնկրետ երկրի վրա բարդել։
«Մեր բարոյական պարտականությունն է նշել փաստերը, որքան էլ որ սարսափելի լինեն։ Մենք չպետք է արհամարհենք։ Հայ ժողովուրդը եղել է ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհը։ Մենք չենք ձգտում մեղավոր համարել որևէ երկրի, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում»,- նշվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը նշել է, որ Հոլոքոստի սարսափներից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակը հարգելն իրենց հրեական պարտականությունն է՝ մարդկային և բարոյական։ «Ես հպարտ եմ ընդունել ձեզ այստեղ՝ նախագահի նստավայրում, այս օրը ձեզ հետ նշելու համար»,- ասել է նախագահը։
Հանդիպման ներկայացուցիչներից մեկը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը «հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը հայերի սպանությունը չի անվանում «ցեղասպանություն»», ասվում է հաղորդագրությունում։
Նախագահը նշել է, որ քննադատությունը հաշվի կառնի, և կարծում է, որ երկրի ղեկավարությունը պետք է ավելին անի՝ հայերի սպանության հարցը բարձրացնելու համար։










