Ստամբուլում ոստիկանությունը միջամտել է Հայոց ցեղասպանությանը նվիրված երթին. կան ձերբակալվածներ
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառմանը միջամտել է ոստիկանությունը։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, ձերբակալվել է 6 մարդ։
«Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում առերեսվում ենք» կարգախոսով հավաքվածները ցանկացել են քայլերթ կազմակերպել, սակայն ոստիկանությունը պահանջել է վերացնել պաստառը։
Բանակցություններից հետո հաջողվել է սկսել քայլերթը, սակայն ոստիկանությունը դարձյալ միջամտել է ու առգրավել «Այս ցավը բոլորինս է։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին առերեսվում ենք» գրությամբ պաստառը։
Ձերբակալվել է ակցիայի 6 մասնակից, որոնցից երկուսը, ըստ տեղեկությունների, վիրավորվել են։
Ոստիկանության միջամտությունից հետո Սուրբ Թագավոր կաթոլիկ եկեղեցու մոտ հավաքվածները հայտարարությամբ են հանդես եկել։
Մամուլի համար արված հայտարարությանը մասնակցել են նաև 2011 թվականին ծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի ծնողները՝ Անի ու Կարապետ Բալըքչըները։










