Երևանի Աբովյան փողոցում երեկ կրակ են բացել ապօրինի հրազենից. ՔԿ

11:41 • 28.04.15

Աբովյան փողոցում երեկ ժամը 19։30-ի սահմաններում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

 

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։


2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում գործող սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակից հայտնաբերվել է կրակված գնդակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:


Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։