Մասնագետների վիճակագրությունը՝ երկաթով ու ֆոլաթթվով ալյուրի հարստացման հետևանքների վերաբերյալ

14:18 • 28.04.15

Մինչ ԱՆ-ը խոսում է երկաթով ու ֆոլաթթվով երկաթի հարստացման դրական կողմերի մասին, որոշ մասնագետներ, բերելով տարբեր երկրների փորձը, 3-4 տարի հետո Հայաստանի համար մատնաշնում են մոտ 500 հազար քաղցկեղով հիվանդների առկայություն:

 

Այս մասին հայտարարեց կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ կառավարության օրենքի նախագծի դրական և բացասական կողմերը» թեմայով քննարկմանը, երբ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչու է նախարարությունը, ի հեճուկս մի շարք այլ մասնագետների, օգտակար համարում ծրագիրը:
 

Դա կանանց և երեխաների մոտ նկատվող սակավարյունությունն է:

 

«Հղիների մոտ այն կազմում է մոտ 12 տոկոս, վերարտադրողական տարիքի կանանց մոտ՝ մոտ 25 տոկոս, իսկ մինչև 5 տարեկան երեխաների մոտ՝ 37 տոկոս»,-հայտարարեց մանկաբարձ -գինեկոլոգը և նկատեց, որ հղիության ժամանակ սակավարյունությունը կարող է բացասական հետևանքներ թողնել ինչպես մոր, այնպես էլ զարգացող պտղի վրա:
 

Մոր մոտ կարող են զարգանալ վիժումներ, վաղ ծննդաբերություն, երեխաների մոտ այլ բարդություններ: Հայաստանում, ըստ Գայանե Պետրոսյանի, զարգացման արատներում մեծ բաժին ունի պտղի մոտ ներարգանդային կյանքում նյարդային խողովակի զարգացման, սպինոբիդային արատները, հիդրոցեֆալիան և այլն, որոնք համարվում են կյանքի հետ անհամատեղելի և որոնք զարգանում են հղիության շատ վաղ շրջանում:

 

Ուստի, քանի որ բազմաթիվ կանայք իրենց հղիության մասին վաղ շրջանում տեղյակ չեն, ապա Առողջապահության նախարարությունը փորձում է հիմնահարցը լուծել ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելով, ինչը անհրաժեշտ է ապագա հղիներին՝ հղիության պլանավորումից 6 շաբաթ առաջվանից:

Հիշեցնենք, որ ալյուրի հարստացման ծրագիրն ընդունել է մոտ 80 երկիր:


Կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը համաձայն է, որ ֆոլաթթուն ու երկաթը պետք են հղի կանանց, սակայն նկատեց, որ Հայաստանում տարեկան արձանագրվում է սպինոբիդային 80 դեպք, այսինքն՝ այդ 80 դեպքի պարագայում կլինի դրական էֆեկտ: Ինչ վերաբերում է բացասական հետևանքներին, ապա դրանք նույնպես մասնագետը ներկայացրեց թվերով՝ այն, որ այս ծրագրի ընդունումից 3-4 տարի հետո Հայաստանում կլինի մոտ 500 հազար քաղցկեղով հիվանդ:


«Չիլիում 2000 թվականն այլուրը հարստացրել են ֆոլաթթվով, մեկ կիլոգրամ այլուրին խառնել են 2.2 միլիգրամ ֆոլաթթու: 2005 թվականին քաղցկեղի աննախադեպ աճի կապակցությամբ հետազոտություն է անցկացվել Չիլիում, որի ժամանակ պարզվել է, որ որոշ տարիքային խմբերում, հիմնականում 45-ից բարձր է, հաստ աղիի քաղցկեղի դեպքերը 2,6 անգամ են աճել, ավելի բարձր խմբում՝ 2.9 անգամ»,-ասաց կենսաքիմիկոսը:

 

Նույնը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, ինչից Աշոտ Կարապետյանը եզրակացրեց՝ որևէ բնական այլ գործոն չէր կարող երկու, երեք անգամով ավելացնել քաղցկեղի աճը:

 

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, ով դեմ է օրինագծին, կրկին ներկայացրեց դեմ լինելու հիմնական փաստարկները:
 

«Սպառողը ունի հիմնականում 8 իրավունք. Ջոն Քենեդին 1961 թվականին ընդունեց երեքը, հետո՝ մեկը, իսկ հետագայում նաև՝ չորսը: Առաջին իրավունքը անվտանգության իրավունքն է: Արդյո՞ք դա ապահովվում է, երբ մենք ալյուրին պրեմիքս ենք խառնելու, չնայած իրենք ասում են՝ երկաթ և ֆոլաթթու։ Սակայն նախարարի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ իրենց շատ լավ զգացին, ասին`«կարելի է՝ ցինկ էլ, և այլն»: Այս բոլոր ավելացումներից հետո արդյո՞ք ունենք այն բոլոր ռեսուրսները, որ կարող է ստուգել, թե ինչքան ավելացավ դոզիրովկան: Այսինքն` անվտանգության իրավունքը մենք չպաշտպանեցինք»,-ասաց նա։

 

Երկրորդ՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ էլ ասացին, որ «մենք ամեն ինչ սկսում ենք հետևից»:
 

Այսինքն` ազգաբնակչութանը չի տեղեկացվում, օրենքի նախագիծը մշակվում է, ուղարկվում՝ ԱԺ, նոր տարբեր մասնագիտական խմբերի բարձրացրած աղմուկից հետո օրենքի ընդունումը մեկ տարով հետաձգվում է:
 

Սպառողների կազմակերպության նախագահը նկատեց, որ սա այն դեպքում, երբ այն վերաբերում է մի ժողովրդի, որը «հաց ուտող ժողովուրդ է», ինչի լավագույն վկայությունն է, որ մենք չենք ասում՝ գնում ենք ճաշելու, ասում ենք՝ գնում ենք հաց ուտելու: Այսինքն՝ մենք նորմայից մի քանի անգամ ավել հաց ենք օգտագործում:
 

«Մենք կարողանալո՞ւ ենք այդ չափաբաժինը պաշտպանել այնպես, որ ոչ մի մարդու վնաս չտրվի»,-հարցրեց Մելիտա Հակոբյանը:
 

Նրա երկրորդ դիտարկումն էր. «Չէ՞ որ մենք մեզ համարում ենք ինչ-որ տեղ եվրոպական արժեքներ կրող պետություն։ Ինչո՞ւ մեր երկրում այդ հղիությունը չի պլանավորվում, երբ մարդիկ մինչ հղիանալը դիմում են բժշկի, հետո նոր հղիանում և նախապես ընդունեն այդ պրեպարատները»:
 

«Ոչ մեկս վստահ չենք, որ մեր նշանակած դեղորայքը մեր նշած չափաբաժիններով օգտագործելու են, դրա համար փորձում ենք անցնել այլ մեթոդների»,-պատասխանեց բժշկուհին:
 

Ըստ Մելիտա Հակոբյանի՝ ոտնահարվում է նաև երրորդ՝ մարդու ընտրության և «լսված լինելու» իրավունքը. «Իսկ որտեղ՞ մնաց դեմոկրատիան»։