Հունաստանը կարող է մինչև 3 մլրդ եվրո ստանալ «Թուրքական հոսքի» շնորհիվ

13:14 • 28.04.15

Հունաստանը կարող է մինչև 3 մլրդ եվրո գումար ստանալ Ռուսաստանից, եթե իշխանությունները թույլ տան երկրի տարածքով ռուսական գազի մատակարարման համար նախատեսված «Թուրքական հոսք» գազատարի խողովակաշար անցկացնել:

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, այս մասին տեղեկացրել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Հույն պաշտոնյայի խոսքով՝ նախագծի իրականացման շնորհիվ Հունաստանում կստեղծվի եվրոպական էներգետիկ հանգույց, ինչպես նաև իր երկրի համար կնվազի էներգակիրների արժեքը:

 

Միևնույն ժամանակ, պաշտոնական Աթենքը խողովակաշարի կառուցման համար պարտադիր նախապայման է համարում եվրոպական օրենսդրության բոլոր պահանջների պահպանումը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Ռուսաստանն ու Հունաստանը քննարկում են «Թուրքական հոսքի» հունական մասի կառուցման ծրագիրը: Ամեն ինչ հաջող ընթանալու դեպքում՝ Ռուսաստանը մտադիր է Հունաստանի տարածքով տեղափոխել 47 մլրդ խորանարդ մետր գազ:

 

Նշվում է, որ «Թուրքական հոսքը» փոխարինելու է գալիս 2014թ. վերջին սառեցված «Հարավային հոսք» նախագծին, որն ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կյանքի չկոչվեց Բուլղարիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Հայտնի է, որ գազատարը պետք է անցներ այս երկրի տարածքով: