Թուրքիան հասկացավ, որ գործ ունենալով 3 մլն-անոց Հայաստանի հետ՝ գործ ունի 12 մլն հայի հետ. սփյուռքի նախարար
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ավելի քան վստահ է՝ հայ ազգի ու պետության միասնականությունը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրերին ընդամենն առաջին հանգրվանն էր, և դա շարունակություն ունենալու է մինչև պայքարի վերջնական արդյունք, այն է՝ Թուրքիան ինքը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Ես կարծում եմ՝ ամբողջ ազգը, պետության հետ միասին՝ Ղարաբաղ, Հայաստանի Հանրապետություն և սփյուռք, միակամ էին, միասին էին ու չափազանց կազմակերպված: Ես վստահ եմ, որ շարունակվելու է, և սա ընդամենը մեկ հանգրվան է, որ մենք վերջնակետը պետք է տեսնենք այն ժամանակ, մինչև որ Թուրքիան ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ստիպված է ուղղակի հաշվի նստել այս հզոր հայկական ազգի հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նախարարը:
Նա նկատեց, որ Հայաստանը թեև տարածքով փոքր երկիր է, սակայն ազգային ներուժը ավելի քան երևաց հենց այս օրերին: «Ազգովի մենք որպես ժողովուրդ շատ մեծ ենք, շատ հզոր ենք, 10 մլն ենք, և եթե դրան էլ գումարենք Թուրքիայի 2 մլն իսլամացած հայերին, ապա 12 մլն ժողովրդի հետ պետք է հաշվի նստեն: Թուրքիան հասկացավ, որ գործ ունենալով 3 միլիոնանոց Հայաստանի հետ՝ գործ ունի 12 մլն հայի հետ»,-ասաց նա:
Ապրիլքսանչորսյան ոգեկոչման միջոցառումները Հրանուշ Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ առաջընթաց համարեց:
«Կարծում եմ՝ պետական մակարդակում մեծ ձեռքբերում ունեցանք, որովհետև աշխարհի 60-ից ավելի երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, 4 նախագահներ ևս մեզ հետ էին, իսկ նրանք, ովքեր չէին եկել, դա չի նշանակում, որ իրենք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը: Այլ բան է, որ նրանք ունեն Թուրքայի հետ տնտեսական և որոշակի շահեր»,-ասաց նա և նույն այդ երկրներին ու կառույցներին խորհուրդ տվեց հետևել Ցեղասպանությունը ճանաչած երկրներին և դեռ Թուրքիային էլ խորհուրդ տալ՝ չշարունակել ժխտողական քաղաքականությունը:
«Սակայն ես կուզենայի ուղղակի դիմել այն բոլոր կազմակերպություններին ու պետություններին, որոնք թուրքասեր են ու թուրքամետ են, նրանք պետք է խորհուրդ տան Թուրքիային, որ ժամանակն է ճանաչելու, որովհետև հայերը չեն լռելու, և ամեն տարի Թուրքայի հեղինակությունը անկում է ապրելու և ոչ թե ավելանալու է, դա մեկ։ Եվ երկրորդը՝ իրենք պետք է խորհուրդ տան իրենց սիրելի Թուրքիային, որ այդ գումարները, որ ծախսում է ժխտելու և կեղծելու վրա, թող այդ գումարները խնայի, որովհետև աշխարհը, միևնույն է, այլևս նրան չի հավատում»,-եզրափակեց նա:










