ՍԴՀԿ-ն ու ՀԴԿ-ն մայիսի 1-ին հանրահավաք են հրավիրում

13:14 • 28.04.15

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ին՝ Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 18-ին հրավիրում են հանրահավաքի, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջելու են՝ հարգել ՀՀ քաղաքացու իրավունքները՝ ապահովելով նրա բարեկեցիկ կյանքը։


Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, իրենք սոցիալական հավասարության կողմնակիցն են և իրենց հրապարակային գործունեությունը մայիսի 1-ից լինելու է շարունակական։


«Հստակ է, որ Հայաստանում օլիգարխիան դարձել է քաղաքական ու հասարակական հարաբերությունների գլխավոր դոմինանտը։ Սա ողբերգություն է։ Եթե մենք տեսնում ենք, թե մեր երկրի հարստությունը քանի ընտանիքի ձեռքում է, իսկ աղքատությունը ինչ խայտառակ ցուցանիշների է հասնում, ապա այստեղ ձախ քաղաքական ուղղվածության կուսակցությունները հսկայական անելիք ունեն։ Սա ցույց է տալիս, որ այս համակարգը կենսունակ չէ, ու ծառայում է հարուստին ավելի հարստացնելու ու աղքատին ավելի աղքատացնելու նպատակին։ Մենք խնդիր ունենք գնալու ու ցանկացած քաղաքացու ներկայացնելու մեր գաղափարները, եթե հավատան կգան հանրահավաքի, եթե չեն գա, ուրեմն խնդիրը մեզանում է. չենք կարողացել ճիշտ ներկայացնել հասարակությանը մեր գաղափարները»,- ասաց նա։


Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ վերջին շրջանում քաղաքական դաշտը վերջապես գնում է մաքրման, այսպես կոչված, փրկիչները հեռանում են դաշտից ու իրականում խոստացած մեկ օրվա վերափոխումը հեշտ չէ։


«Մենք քաղաքական կուսակցություններ ենք ու քաղաքական պայքար ենք մղելու։ Մայիսի 1-ը խորհրդանշական է, մենք ուզում ենք այս պահին պարտադրել իշխանությանը անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որովհետև արյունաքամ ենք լինում այս պահին ևս։ Մենք հանրահավաքին անուններ կտանք ու կասենք, թե ինչի համար են նրանք պատասխանու ու ինչ չեն անում նրանք։ Ապրիլի 24-ին մենք համոզվեցինք, որ իշխանությունը բարձր մակարդակով կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, բայց ինչո՞ւ չի կարող նման կերպ լուծվել մեր ներքին խնդիրները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ-ում գործող համակարգը պետք է փոխվի ամբողջովին։


Հարցին, թե արդյոք հանրահավաքով կուսակցությունները չեն նախապատրաստվում 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին, ՍԴՀԿ ատենապետը պատասխանեց, որ ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, և իրենք հասկանում են, որ ճիշտ չէ այսքան վաղ նման գործունեությամբ զբաղվել։


«Բայց մենք բաց ենք համագործակցության համար, հատկապես նրանց հետ, ովքեր կիսում են մեր գաղափարները։ Ինչ վերաբերում է Դեմկուսին, ապա համագործակցությունը նոր չէ և միշտ էլ պարբերական շփումները եղել են»,- ասաց նա։


Արամ Սարգսյանն էլ նշեց, որ ինքն ավելի վաղ արտահայտել է կուսակցության դիրքորոշումը։