ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել է անցնել Ռուսաստանի և Եվրամիության միավորմանը

10:18 • 28.04.15

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը սատարել է Ռուսաստանի և Եվրամիության ընդհանուր ապագայի վերաբերյալ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը։  Նարիշկինը սյունակ է գրել «Комсомольская правда» թերթի համար, որտեղ կարծիք է հայտնել, որ «այժմ ճիշտ ժամանակն է այդ մասին ոչ միայն երազելու, այլև բարձրաձայնելու, խորհրդակցություններ սկսելու համար», փոխանցում է lenta.ru-ն։

 

«Մեր երկիրը բազմիցս խոսել է երկու տարածաշրջանային միավորումների՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության ապագա ինտեգրման հնարավորության մասին»,- գրել է Նարիշկինը: Նա նշել է, որ նման հարցադրումը չի համարում երևակայություն, քանի որ «Ռուսաստանը եղել է և կմնա եվրոպացի ժողովուրդների հետ նույն ընտանիքում»:

 

Նարիշկինն, այնուամենայնիվ, չի մանրամասնել, «թե ինչ տեսք կարող է ունենալ նոր, եվրոպացիների հետ ընդհանուր օրակարգը»՝ նշելով, որ «այդ թեման առանձին խոսակցության կարիք ունի»:

 

«Համաձայն եմ Զեմանի հետ. ի՞նչ տարբերություն՝ ինչպես տեղի կունենա մեր մերձեցումը: Բայց դա տեղի կունենա, այլ կերպ չի կարող լինել»,- հավելել է Պետդումայի խոսնակը: