Ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի տարածքում մոտ ապագայում ռազմական գործողությունների սրման վտանգի մասին, գրում է korrespondent.net-ը:
«Մինչև հիմա առկա է պատերազմի վտանգը. դա իրականություն է: Պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի, բայց մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի հնարավորություն չլինի ոչ կասկածելու, ոչ հետ քաշվելու»,- ասել է Պորոշենկոն երեքշաբթի օրը միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:
Դիմելով դահլիճում գտնվող ներկաներին՝ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է. «Ձեր օգնությամբ, ձեր միասնությամբ կգտնվի Դոնբասում իրավիճակի լուծում»:
Նա նշել է, որ Ուկրաինայի գործընկերների համակարգված դերի դեպքում երկրի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները պետք է ամբողջությամբ իրականացվեն: Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումը կայացել էր փետրվարին։










