Ցեղասպանությունը վերապրած 101-ամյա տատիկը պատմել է իր պատմությունը. PRI

11:40 • 28.04.15

Ամերիկյան Միջազգային հանրային ռադիոն (PRI) զրուցել է Ցեղասպանությունը վերապրած 101-ամյա Եվնիգե Սալիբյանի հետ, ով կիսվել է ցեղասպանության մասին հիշողություններով:

 

Եվնիգե Սալիբյանը հիշում է, թե ինչպես էր Թուրքիայի Այնթափում գտնվող իրենց տան փայտե պանելների արանքից նայելով՝ տեսնում հայ կանանց, երեխաների և ծերերի խմբեր, որոնց տանում էին անապատ...

 

«Ես տեսնում էի թուրքերին՝ ձեռքերին երկար մտրակներ… և երեխաները գոռում էին. «Մայրիկ, սոված եմ: Հաց եմ ուզում: Մայրիկ, ծարավ եմ: Մայրիկ, չեմ կարողանում քայլել»,- պատմել է Սալիբյանը, ում հետ հանդիպումը կայացել է Կալիֆորնիա նահանգի Միշն Հիլսում գտնվող «Արարատ» կենտրոնում: «Այդ ձայները հիմա հիշում եմ… Դրանք չեմ մոռանում»,- ասել է նա:

 

101 տարեկան Սալիբյանը Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից է, հաղորդում է ամերիկյան ռադիոկայանը՝ նշելով, որ Հայաստանում այս տարի հիշատակում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:

 

Լոս Անջելեսի հայ համայնքի համար հարյուրամյա տարելիցի հիշատակի միջոցառումներն իրենց հետ ունեն նաև զայրացնող մի ճշմարտություն. Հայոց ցեղասպանությունը դեռևս միջազգային ճանաչում չի ստացել, հաղորդում է ռադիոկայանը՝ հիշեցնելով ԱՄՆ-ի դիրքորոշման մասին, որը խուսափում է «ցեղասպանություն» բառից:

 

«Հայոց ցեղասպանության հիշողությունը ողջ է Լոս Անջելեսում, եթե ոչ ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ վայրում»,- ասում է «1915» ֆիլմի համառեժիսոր, Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ Ալեք Մուհիբյանը՝ նշելով, որ այնտեղ ապրող հայերի համար դա պարզապես պատմության գրքի մի գլուխ չէ, այլ մի բան, որը կապում է իրենց ժառանգության հետ:

 

Ցեղասպանությունը վերապրածների տասնյակ հազարավոր վկայություններ պահպանող USC Shoah հիմնադրամի գործադիր տնօրեն Սթեֆեն Սմիթը, զրուցելով ռադիոկայանի հետ, ասել է, որ Ցեղասպանության ճանաչման բացակայությունից առաջացած մտամոլությունը գրեթե անհնարին է դարձնում հայ համայնքի առաջ շարժվելը։

 

«Հայ համայնքը կարծում է, որ նա դեռ պետք է օրինականացնի իր անցյալը, որովհետև այն մերժվում է»,- ասել է Սմիթը: