Ադրբեջանի սադրանքները զսպելու միակ ձևը հայկական կողմի պատասխանն է. Կարեն Վրթանեսյան
Քարոզչության ոլորտի հետազոտող, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջնագծում հայկական կողմի պատասխան քայլերը միանշանակ անհրաժեշտություն են, ինչը ըստ նրա՝ մշտապես սադրանքների դիմող Ադրբեջանին զսպելու միակ ձևն է:
«Միանշանակ, պատասխան քայլերը զսպելու միակ ձևն են: Կոնկրետ վերջին աշնանային լարվածությունից հետո համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանը պայմանավորված էր ենթադրում եմ նաև այն գործողություններով, որոնք մենք հայկական կողմի հրապարակած վերջին տեսանյութերում ենք տեսնում»,- ասաց նա:
Ըստ ռազմական փորձագետի՝ հայկական կողմն առաջ էլ էր հայտնում, որ հակառակորդը ստանում է արժանի հակահարված, որոշ դեպքերում համաչափ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անհամաչափ:
«Հրապարակված տեսանյութերը հաստատում են այն, որ այդպիսի հարվածներ հասցվել են վերջերս: Կարծում եմ՝ անօդաչու սարքերից նկարահանած տեսանյութերի հայտնվելը համացանցում պատասխան է վերջերս հաճախակի դարձած ադրբեջանական կողմի քարոզչական տեսանյութերի հրապարակմանը: Հայկական կողմը սրանով ցույց տվեց, որ իրականում այդ ամեն ինչը համարժեք պատասխան ստանում է, ընդ որում, եթե ադրբեջանական տեսանյութերը միանշանակ դժվար է մեկնաբանել, հայկական կողմի հրապարակած տեսանյութերում շատ ավելի հստակ են երևում հասցված հարվածներն ու կորուստները»,- ասաց նա:
Կարեն Վրթանեսյանը տեսակետ հայտնեց, թե ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, սկսեց ակտիվ տեսանյութեր հրապարակել և կրկին անցնել սադրիչ գործողությունների՝ իր ներքին լսարանին մի շարք խնդիրներից շեղելու համար:
«Առաջինը Նարդարան ավանում տեղի բնակիչների դեմ պատժիչ գործողություններն են, որ արել է ոստիկանությունը՝ սպանելով 5 բնակիչ և առ այսօր էլ ավանը և հարևան մի քանի բնակավայր փաստացի շրջափակման մեջ են ոստիկանական բլոկպոստերով: Մյուս խնդիրը Կասպից ծովում գազի արտահանման պլատֆորմի հրդեհն էր, որը 30-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձավ և ներքին այդ և այլ լուրջ խնդիրներից շեղելու համար ինձ թվում է փորձեցին սրել իրավիճակը սահմանում և նաև այդ տեսանյութերը սկսեցին հրապարակել, այսպես ասած, շոուն ապահովելու համար», - նշեց նա:
Մինչդեռ, ըստ փորձագետի՝ իրականում իրենց իսկ լարած թակարդի մեջ ընկան: «Այդ հետաքրքրությունն առաջացրին և այդ հետաքրքրությունն էլ բերեց նրան, որ հիմա ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկում են արդեն հայկական տեսանյութերը և բավական տխուր մթնոլորտում են քննարկումներն անցնում: Հայկական տեսանյութերը մեծ արձագանք են ստացել հենց ադրբեջանական լսարանում», - ասաց նա:
Հարցին, թե կրկին սահմանի լարվածությունը պայմանավորված է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպումով, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, թե բացի այդ, և վերը նշվածներից, կա նաև ընդհանուր տնտեսական խնդիրներից շեղելու խնդիրը։
«Նավթի գինը փաստորեն 40 դոլարից էլ իջավ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի տնտեսական խնդիրները սպասվածից ավելի խորն են լինելու հաջորդ տարի և այս ամենի ֆոնի վրա, իրենց համար առիթ է սահմանի լարվածությունը բերել առաջին պլան՝ շեղելու մնացած բոլոր հարցերից»,- ասաց նա:
Իսկ թե նման սադրանքները չե՞ն կարող դուրս գալ վերահսկողությունից և շատ ավելի մեծ գործողությունների հանգեցնեն, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց, թե դժվարանում է ասել, որովհետև միշտ չէ, որ հրահրողը կարող է վերահսկել հետևանքները. «Ենթադրում եմ, որ լայնամասշտաբ գործողությունների չի վերածվի, բայց մյուս կողմից արդեն մի քանի ամիս է հրետանի է աշխատում երկու կողմից էլ, երևի թե հրադադարի ստորագրման պայմանագրից այս կողմ նման կարգի էսկալացիա չի եղել»:
Ռազմական փորձագետը նաև նշեց, թե հիմք չունի ենթադրելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները որևէ կերպ շահագրգռված են լարվածություն ստեղծել. «Գոնե այս պահի դրությամբ նման բան չեմ տեսնում: Կարծում եմ՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն և ո՛չ էլ Եվրոպան չունեն որևէ շահ այս կոնֆլիկտը սրելու»:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանը գործում է ինքնուրո՞ւյն, ռազմական փորձագետը պատասխանեց, թե ենթադրում է, որ այդ սադրանքները կարող են համաձայնեցված լինել Թուրքիայի հետ։ «Բայց վստահությամբ չէի պնդի, քանի որ ինչպես ասացի Ադրբեջանն այնքան ներքին խնդիր ունի, որ շահագրգռված է սրելու իրավիճակը, որ այս պահին Թուրքիայի գործոնը չէի դիտարկի»,- ասաց նա:










