Կոլումբիայի փաստաբանները հայց են պատրաստում «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով (տեսանյութ)

08:53 • 22.12.15

De la Espriella Lawyers Enterprise փաստաբանական ընկերությունը հայտնել է, որ դատական հայց է պատրաստում «Միսս Տիեզերք- 2015» մրցույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալի պատճառով, գրում է РИА Новости-ն:

 

Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած մրցույթի ժամանակ հաղորդավարը` կատակերգու դերասան Սթիվ Հարվին, նախ հայտնել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել Կոլումբիայի ներկայացուցիչ Արիադնա Գուտերեսը:

 

Սակայն րոպեներ անց հաղորդավարը հասկացել է, որ սխալ է թույլ տվել և հայտնել է, որ իրականում հաղթողը Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախն է:

 

«Թագն իրավունք է, որը ստացել ենք մենք, և մեզ չեն կարող զրկել դրանից: Այս պահին մենք հայց ենք պատրաստում»,- գրել են կոլումբական փաստաբանական ընկերության ներկայացուցիչները:

 

Ընկերության կարծիքով` բարոյական վնաս է հասցվել բոլոր 40 մլն կոլումբացիներին:
«Վնասի չափը պարզապես անգնահատելի է»,- նշել են ընկերությունում:
 

Բացի այդ, փաստաբանները հայտնել են, որ ունեն ապացույցներ առ այն, որ մրցույթի նախկին սեփականատեր Դոնալդ Թրամփը սկանդալի հետ կապ ունի։